ԳԱԿ-ում կբացվի երիտասարդ արվեստագետ Անուշ Ղուկասյանի «Ներսուդուրս» ցուցադրությունը
Մարտի 19-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է Անուշ Ղուկասյանի «Ներսուդուրս» ցուցադրությունը՝ ներկայացնելով արվեստագետի վերջին ինստալյացիոն նախագիծը:
ԳԱԿ-ից հայտնում են, որ այս ցուցադրությունը ներկայացնում է երիտասարդ արվեստագետի գեղարվեստական գործունեության ընդհանուր թելի շարունակությունը, որը նա մշակել է ավելի քան հինգ տարի: Նրա որոշ ստեղծագործություններ նուրբ աշխատանքներ են՝ հոգատարությամբ ստեղծված նրբին արհեստից, իսկ մյուսները թողնված են ավելի հում, անմշակ:
««Ներսուդուրս»-ը գտնվում է այս երկուսի մեջտեղում, ճիշտ ինչպես աշխարհը միջանկյալ շրջանի փորձառություն ապրեց համաճարակի ընթացքում: Ղուկասյանը տիրացավ անորսալի, փափուկ, ազատ, խաղաղ ու լուռ ամպերին, և նրանց միացրեց գետնից վեր կանգնեցված կավե, ժանգոտ խողովակներին: Արվեստագետը միավորում է երկու հակադիր և տարբեր մասշտաբի տարրեր՝ ստորգետնյա հողը և եթերային օդը: Այն հարցման մեջ է դնում սահմանների փոփոխականությունն ու հեղհեղուկությունը»,- նշում է ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշում է, որ ժամանակակից արվեստի տիրույթում արտահայտչամիջոցների անսահմանափակ ընտրության հնարավորությամբ, ինչպես նաև իր վառ ստեղծագործական երևակայությամբ տոգորված՝ Անուշ Ղուկասյանը մեզ հրավիրում է մի միջավայր, որտեղ միմյանց հետ հատվում են նյութական և ոչ նյութական աշխարհները. «Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու ժամանակավորի և հավիտենականի, սահմանափակի և անսահմանի, հողեղենի և երկնայինի հատման եզրերը և մտորելու իրենց մեջ մեջ սինթեզված տարբեր իրականությունների մասին»:
Ցուցադրությունը գործելու է մինչև հունիսի 13-ը:
Անուշ Ղուկասյանը (ծնվ. 1985, Երևան) իր սերնդի ամենաակտիվ արվեստագետներից է: Ավարտելով Գեղարվեստի պետական ակադեմիան որպես գրաֆիկ նկարիչ, նա հիմնականում ստեղծագործել է ինստալյիացիոն արվեստի ոլորտում: Նրա աշխատանքները ներկայացված են եղել Հայաստանում և Արցախում տարբեր խմբային ցուցադրությունների: 2018-ին և 2019-ին նա հանդես է եկել երկու անհատական նախագծերով՝ «111» և «Կտոր-կտոր»: Վերջինս արժանացել է Պողոսյան մրցանակի (նախկինում՝ ՀՀ նախագահի մրցանակ):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները