Ի աջակցություն Սերժ Սարգսյանի՝ դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատարանի մոտ հավաքվել են քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ՝ իրենց աջակցություն հայտնելու ՀՀ երրորդ նախագահին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ի աջակցություն ՀՀ երրորդ նախագահի այս հավաքը դիտարկել նաև այն բողոքի ակցիաների շրջանակներում, որոնք տեղի են ունենում Հայաստանում խայտառակ կապիտուլյացիայից հետո:
«Մի քանի հազար հոգի այսօր եկել են այստեղ: Աջակցությունը Սերժ Սարգսյանին այս դատական գործի շրջանակում չէ, քանի որ այս գործը ծիծաղելի է: Աջակցում են՝ միանշանակ քաղաքական, անձնական, գաղափարական»,- նշեց նա:
Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով:
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
«Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ, անտրամաբանական, մի մասն էլ անթույլատրելի»,-նշում են Սերժ Սարգսյանի պաշտպանները։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
- Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
- Սերժ Սարգսյանի պաշտպան. Դատարանում անակնկալներ կլինեն
- Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
- Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ