Գևորգ Դանիելյան. վարչական մարմինն անգամ չպետք է սպասեր իր գործողությունները կասեցնելու վերաբերյալ դատական ակտի
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է.
«Հանրապետության նախագահի կողմից զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու իրավական հիմքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու իրավական արժեքն ու կշիռն այդպես էլ համարժեք չընկալվեց ինչպես հանրային քննարկումների հարթությամբ, այնպես էլ իրավասու վարչական մարմինների գործունեությունում: Վարչական գործի վարույթը դատարանի կողմց կասեցնելուն չանդրադառնամ, դա իմպերատիվ կարգավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Սակայն այս կանոնը չէր կարող վերաբերել միայն դատարանում գործի քննությանը, սա հավասարապես վերաբերում է վարչական վարույթին: Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն.
«Վարչական մարմինը ՊԱՐՏԱՎՈՐ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ, եթե`
ա) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը»:
Այսպիսով, օրենքը, որը նաև խստիվ համահունչ է միջազգային իրավունքի աղբյուրներին (օրինակ՝ ԵԽ Նախարարների կոմիտեի 2004 թ. դեկտեմբերի 14-ի «Վարչական ակտերի դատական կարգով վերանայման» թիվ (2004)20 բանաձևին) արգելում է նախաձեռնել նույն վիճարկվող օրենքի նորմի կիրառմամբ որևէ վարչական վարույթ կամ վարչարարություն:
Ասվածից բխում է, որ վարչական մարմինն անգամ չպետք է սպասեր իր գործողությունները կասեցնելու վերաբերյալ դատական ակտի, այլ դա պետք է աներ իր նախաձեռնությամբ, որպեսզի առնվազն չծագի ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հիմք ….»։
Հիշեցնենք, որ երեկ Թելագրամի «Մեդապորտ» ալիքը գրել էր.
«Mediaport-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։
Որոշումը ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում»։
Հարակից հրապարակումներ`
- Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
- Արմեն Սարգսյանը չի ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու Փաշինյանի առաջարկությունը
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան