Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն աշխատավարձից և հավելավճարից բացի կստանան նաև հավելում. Ռուստամ Բադասյան
Հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում, որպես գործունեության երաշխիք, աշխատավարձի հավելում ստանալու հնարավորությունը և չափը սահմանված է օրենքով։ Այս մասին այսօր ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Նախարարը ներկայացրեց խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում կատարված փոփոխությունները:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները չպետք է ավելի վճարվեն, քան սովորական դատարանների դատավորները: Կառավարությունն էլ նոր փոփոխությամբ համաձայնել է իջեցնել պաշտոնյաների աշխատավարձերի դրույքաչափերը, բայց դրա փոխարեն, ըստ արդարադատության նախարարի, ամրագրել է աշխատավարձին հավելում տրամադրելու դրույթը:
«Ռիսկային առանձնակի բարդություններով, ինչպես նաև հատուկ մասնագիտացմամբ պայմանավորված, տարբեր մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձինք, կառավարության թույլտվության դեպքում, բացի օրենքով սահմանված պաշտանական դրույքաչափից և հավելավճարից, կարող են ստանալ նաև հավելում»,- հայտարարեց Բադասյանը:
Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում այն սահմանված է օրենքով, քանի որ կոմիտեի աշխատակիցների համար պարտադիր են բարեվարքության ստուգումը, լրացուցիչ մասնագիտական հմտությունների սահմանումը և օտար լեզվի տիրապետումը:
Նախարարը պնդեց, որ այս մոտեցումը հիմնավորված է նաև Վենետիկի հանձնախողովի որոշմամբ, որը, չնայած վերաբերում է հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված դատավորներին, բայց կիրառելի է նաև հակակոռուպցիոն իրավապահ մարմիններում ևս:
«Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորները պետք է ունենան ավելի բարձր աշխատավարձի իրավունք, քան առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացած դատարանների դատավորները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք կարող են հայտնվել արտաքին զգալի ճնշումների տակ»,- նշեց Բադասյանը:
Ներկայացնելով հաջորդ փոփոխությունը՝ արդարադատության նախարարը հայտնեց, որ որոշվել է սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննչական պաշտոններ զբաղեցնողները համարվելու են ինքնավար պաշտոններ զբաղեցնող, իսկ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձանց համար առանձին ծառայության տեսակ չսահմանելը հանգեցնելու է այնպիսի իրավիճակի, որ վերջիններս չէին կարողանա ներառվել հանրային ծառայության համակարգում:
Ըստ Բադասյանի ներկայացման՝ օպերատիվ հետախուզական ստորաբաժանման պաշտոնները համալրվելու են կոմիտեի նախագահի սահմանված կարգով և անցկացրած մրցույթների արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով նրանց գործունեությունների առանձնահատկությունները:
Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայության հետ քննարկումների արդյունքում որոշվել է լուծարել այն՝ ուժը կորցրած ճանաչելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքը:
«Այդ պատճառով էլ, մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների թափուր տեղերի համալրումը, հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավոր կնշանակվեն կոմիտեի քննիչներ։ Նրանց թիվը 20-ն է լինելու»,- հայտնեց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ նոր խմբագրմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին մրցութային խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների շրջանակից կնշանակի կառավարությունը, այլ ոչ թե վարչապետը՝ ինչպես նշված էր նախնական տարբերակում:
Բադասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ կառավարությունն ընդունել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր առաջարկները:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պատճառն այն է, որ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը ներկայում մեկ մարմնի կողմից չի իրականացվում, այլ՝ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության կողմից: Ըստ կառավարության՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան