Հայաստանում հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը, Փաշինյանն իրավունք չուներ ընտրությունների անցկացման օր հայտարարել․ Էդգար Ղազարյան
ԱԱԾ-ն պետք է քրեական գործ հարուցի Փաշինյանի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման համար, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Հայաստանում հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը, քանի որ Փաշինյանն իրավունք չուներ ընտրությունների անցկացման օր հայտարարել, նման լիազորություններ ունի միայն ՀՀ նախագահը: Բացի Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերից՝ ուզում եմ հիշեցնել, որ երկրում գործում է ռազմական դրություն, որի ընթացքում արգելվում է ցանկացած ընտրություն, այսինքն՝ սա եւս մեկ անգամ Փաշինյանի կողմից Սահմանադրության խախտում է: Սա խոսում է այն մասին, որ նա պահել է ռազմական դրությունը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, ինչը հանցանք է համարվում: Եթե ռազմական դրության ժամանակ գրեթե ամբողջ բանակն ասում է, որ Փաշինյանը սպառնալիք է պետության համար, եւ սահմանափակվում է միայն հայտարարությամբ, ապա ես ցավակցում եմ մեր բանակին»,-ասաց Ղազարյանը:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Ղազարյանի համոզմամբ՝ կարող են տեղի ունենալ ոչ միայն խորհրդարանի լուծարման դեպքում։
«Կան շատ այլ միջոցներ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, օրինակ՝ բյուջեն չհաստատելը: Սակայն մենք ունենք մարդ, ով պետք է վաղուց բանտում լիներ, այլ ոչ թե կարևոր որոշումներ կայացներ: Մի՞թե քաղաքական ուժերը, այդ թվում «Հայրենիքի փրկության շարժումը» չեն հասկանում, որ այդ ամենը հանգեցնում է Փաշինյանի իշխանության ամրապնդման: Նրանք պետք է գիտակցեն, թե ինչ է սպասվում առաջին հերթին իրենց: Լավագույն դեպքում՝ ձերբակալություններ»,-ընդգծեց ՍԴ նախկին աշխատակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան