Հիմա կան խաղի գործող կանոններ, համաձայն որոնց՝ պետք է պատրաստվել ընտրություններին. Մարուքյան
«ԼՀԿ-ն առաջարկել է բաց ցուցակով ռեյտինգային համակարգ ՀՀ ողջ տարածքով մեկ, սակայն այն չի ընդունվել։ Հիմա կա արտահերթ ընտրությունների օր, ու արդեն սկսել ենք պատրաստվել ընտրություններին։ Եթե նոր օրենսգիրքն ընդունենք, ապա կնշանակի, որ պրոցեսի ընթացքում խաղի կանոնները կփոխվեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ այս փուլում իրենք չեն տեսնում հնարավորություն՝ կոնսենսուսի գալու և նոր ընտրական օրենսգիրք ընդունելու։
«Մեզ անհանգստացնում է, որ մարզային ներկայացվածությունը կնվազի ապագա խորհրդարանում, եթե նոր օրենսգիրքն ընդունվի։ Հիմա կան գործող խաղի կանոններ, համաձայն որոնց՝ պետք է պատրաստվել ընտրություններին»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի, ամենակարևորն այն է, որ որևէ մեկի գլխի տակ փափուկ բարձ չի դրվել, և ասվել՝ դե հանդարտվեք, տուն գնացեք, հունիսին կորոշվի՝ ինչպես են անցնելու ընտրությունները։
«Կա հստակ որոշում, ու եթե հիմա ընտրություններ չանցկացնենք, ի՞նչ պետք է անենք, ո՞րն է այլընտրանքը։ Շարունակենք երկիրը պահել ցնցումների մե՞ջ։ Մենք բերել ենք լուծում, որին շատ դժվար ենք հասել»,- նկատեց նա։
Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ ընտրություններին փող բաժանողները ձերբակալվեն, հետո դատարանների կողմից մեղադրական դատավճիռներով դատապարտվեն։ Նրա կարծիքով, իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ արդար ընտրություններ անցկացվեն։
ԼՀԿ առաջնորդը նշեց նաև՝ իրենք հիպոթետիկ մտահոգություններ ունեն, որ իշխանությունները կարող են ընրությունները ոչ արդար անցկացնել, բայց իրենք էլ պետք է ամեն ինչ անեն, որ արդար լինեն անցկացվող ընտրությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան