ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով. Մելքումյան
«ԲՀԿ-ն ինչպես ասել էր, աշնանն էլ, դեկտեմբերին էլ, մենք բոլոր պարագաներում պատրաստ ենք ընտրությունների»,- այսօր խորրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի խոսքով, բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային, իրենք միշտ պատրաստ են։
«Մեր կառույցների հետ արդյունավետ կապ ենք պահում և աշխատում ենք: Մենք մեր թիմերով, նաև անձամբ լինում ենք մարզերում, վաղն էլ ենք գնալու, այնպես որ, որևէ խնդիր չենք տեսնում: Այսօր հիմնականում պիտի արձանագրենք, որ հանգուցալուծումը մոտ է և մնում է արժանապատիվ գնալ այդ ընտրություններին»,- կարծիք հայտնեց պատգամավորը:
Ըստ Միքայել Մելքումյանի, մեր ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձևավորել իշխանություն և կառուցելու այն Հայաստանը, որի մասին հայ ժողովուրդը միշտ երազել է:
Հարցին, թե արդյոք ինքը տեղյակ էր, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, Մելքումյանը պատասխանեց՝ այո։
«Այո՛, իհարկե, մենք տեղյակ ենք եղել, բայց կոնկրետ ժամով չգիտեինք: Կուսակցության ներսում մենք միշտ խորհրդակցություններ ենք անում: Ամեն ինչ քաղաքական խորհրդի շրջանակում է: Հիմա կարող է այդ օրը մարզերի մարդիկ մի քանիսը մասնակցել են կամ չեն մասնակցել, դա այլ հարց է»,- նկատեց պատգամավորը։
Դիտարկմանը, որ Իվետա Տոնոյանն ասել էր, որ մինչև քաղխորհրդի նիստ չլինի, Գագիկ Ծառուկյանը հանդիպում չի ունենա, Մելքումյանը պատասխանեց, որ Տիկին Տոնոյանն ամեն ինչ ճիշտ է ասել:
«Ես ասում եմ՝ քաղխորհրդի մարզային անդամներից մեկ կամ 2 հոգի չեն մասնակցել հեռավորության պատճառով, բայց այդ նիստն անպայման կլինի: ԲՀԿ-ն որևէ քայլից հետ չի կանգնել, պարոն Ծառուկյանը վերջին հարցազրույցի ժամանակ լրագրողների հետ մեր մոտեցումները հստակ ներկայացրեց»,- շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է
- Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան