Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երեկ պաշտպանները միջնորդել էին հանել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանքը, քննիչի որոշում գնահատել անհիմն և չպատճառաբանված:
«Մեր կողմից բերված փաստարկներն ու փաստերն այնքան հիմնավոր էին, իսկ քրեական հետապնդման մարմինների որոշումները և դատարանների որոշումներն ակնհայտ անհիմն էին և չպատճառաբանված»,- լրագրողներին ասաց պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ կծանոթանան դատարանի այս կազմով կայացված որոշմանը, նոր կարծիք կհայտնեն այս որոշման պատճառաբանվածության աստիճանի վերաբերյալ, բայց ակնհայտ է, որ հիմնավորված և պատճառաբանված չի լինի այն աստիճան, որ փարատի իրենց բոլոր կասկածները:
«Գույքի վրա կալանք դնելու դատավարական գործընթացը պետք է համապատասխանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Պետք է լինեն հիմքեր, նպատակներ, պետք է ապահովվի դատավարական երաշխիքները: Մեր խորին համոզմամբ, քրեական հետապանդման մարմինները գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացրել են դրա հիմքերի իսպառ բացակայությամբ, նպատակների բացակայության պայմաններում, խախտվել է դատավարական ընթացակարգը, բոլոր երաշխքիները: Նման դատավարական խախտումներով գույքի վրա կալանք դնելու որոշում ես չեմ տեսել»,- ասաց Ռ.Հակոբյանը:
Նա չբացառեց, որ հնարավոր է բողոքարկեն դատական ակտը:
Պաշտպանը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, արհեստածին է, դրանում կհամոզվեն հրապարակային դատաքննության ընթացքում:
Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանները միջնորդեցին կալանքից ազատել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը
- Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
- Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ