Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է
Այսօր ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է. ծնվել է 1928 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։
Մի օր Սունդուկյան թատրոնի սենյակներից մեկն է մտնում Վարդան Աճեմյանն ու ասում.
-Վարդուհի՛, քեզ համար մի դեր եմ առանձնացրել:
-Ի՞նչ դեր,- հարցնում է Վարդուհի Վարդերեսյանը:
-Լա՜վ դեր է, լա՜վ, բայց տղայի դեր ես կատարելու…
Եվ այսպես գրեթե 17 տարի Վարդուհի Վարդերեսյանը կատարեց Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ Ջոնիի դերը: Եվ մի օր, մի հեռախոսազանգով նա հրաժեշտ տվեց այդ դերին, քանի որ այլևս երտասարդ չէր…
«Ներկայացումն էլ, ինչպես մարդիկ ծերանալ գիտե… Ես զգացի այդ ծերությունը, թեև խաղում էի, գլուխկոնծի էի տալիս, վազվզում էի, բայց մի օր հասկացա, որ կարող է իմ վազքն այլևս այդքան թեթև չէ, ինչպես 17 տարի առաջ, և որոշոցի Ջոնիից հրաժարվել՝ թույլ չտալով, որ նա ինձանից հրաժարվի»( vnews.am):
Վարդուհի Վարդերեսյանը կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։
Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։
1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 2013 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Վարդուհի Վարդերեսյանը մահացել է Երևանում 2015 թվականին:
«Երբեմն ինձ հարցնում են՝ երջանի՞կ եմ արդյոք ես… Այո՛, երջանիկ եմ. ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար՝ սիրած գործ, ընտանիք, երեխաներ ու թոռներ: Ինձ ավելի երբեք էլ պետք չի եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները