«Ֆեյսբուքը» հայտարարել է երեխաների համար նախատեսված «Ինստագրամի» ստեղծման մասին
Ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունը նախատեսում է գործարկել «Instagram Kids» հավելվածը, որը համանուն սոցիալական ցանցի նոր տարբերակը կդառնա՝ 13 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով կազմակերպության ներքին փաստաթղթերից մեկին։
«Մենք կերկայացնենք նոր հավելված, որը կենտրոնանալու է երկու բանի վրա. տվյալների գաղտնիության ապահովում և անվտանգություն»,- մեջբերվում է «Ինստագրամի» փոխնախագահ Վիշալ Շահի կողմից սոցիալական ցանցի աշխատակիցներին ուղարկված նամակը:
Վերոնշյալ նամակն ուղարկվել է, երբ դրանից 2 օր առաջ հավելվածի ղեկավարը հայտարարել էր, թե անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել երիտասարդ օգտատերերին պաշտպանելու համար:
Հավելվածում պատանիների նկատմամբ բռնության և ոտնձգությունների վերաբերյալ քննադատություններից հետո ընկերությունը հայտարարել էր, որ շարունակում է ավելի անվտանգ դարձնել հավելվածը՝ հատկապես երիտասարդ օգտատերերի համար։