Morning Star. Ադրբեջանի նախագահը պահանջում է ջնջել հայկական հետքերը գրավյալ տարածքներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի խոստացավ ջնջել բոլոր հայկական հետքերը այն տարածքներից, որոնք հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի տակ` Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ վերջերս տեղի ունեցած հակամարտության ավարտից հետո: Նա նկարվել էր գրավված Հադրութի շրջանում, որտեղ սպառնում էր ջնջել 12-րդ դարի եկեղեցու հայկական արձանագրությունները՝ դրանք անվանելով «կեղծ»: Այս մասին գրում է Morning Star-ը։
«Պատմության գիտությունների դոկտորի աստիճան ունեցող պարոն Ալիևը, Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելության ժամանակ պնդել է, թե «հայերը ցանկացել են հայկականացնել եկեղեցին՝ հայկական գրություններ թողնելով»։
Նա ասել է, թե եկեղեցին նման էր «անասնագոմի և աղբանոցի»՝ մեղադրելով հայերին նրա պնդմամբ, «ալբանական տաճարը» պղծելու մեջ, որը նա խոստացավ վերականգնել»,- գրում է կայքը:
Նշվում է, որ Ադրբեջանի ավտորիտար տիրակալի կողմից մշակութային ոչնչացումը համեմատություններ է բերում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ, երբ օսմանյան զորքերը սիստեմատիկորեն ոչնչացնում էին 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց ու երեխաների: 1915-1922 թվականների ընթացքում գնահատվում է, որ ոչնչացվել է 1036 հայկական եկեղեցի և վանք: