Նռնաձորի 148 հա հողը ինչո՞ւ չի վերադարձվում համայնքին. Աննա Գրիգորյան
«Այսօր մենք մոռացել ենք Արցախի մասին, և երբ իշխանության որոշ ներկայացուցիչներ ասում են, թե ասվածը կեղծ է, ապա թող պատասխանեն՝ մի՞թե մենք այս խորհրդարանում քննարկել ենք Արցախի կարգավիճակի հարցը, արդյո՞ք խոսվել է դեօկուպացիայի կամ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մշակութային արժեք հանդիսացող հուշարձանների ոչնչացման մասին»,- այսօր խորհրդարանում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ խորհրդարանում չի խոսվում նաև Արցախի սահմանների մասին. «Այս խորհրդարանում նույնիսկ Սյունիքի սահմանների մասին չեն խոսում, ուր մնաց՝ Արցախի սահմաններից խոսեն»։
Պատգամավորը մանրամասնեց՝ իր խոսքը մասնավորապես վերաբերում է Նռնաձորին, որը դարձել է սահմանամերձ։
«1994 թվականին Կառավարության որոշմամբ նրա վարչական տարածքում գտնվող 148 հա գյուղատնտեսական նշանակության հողերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Արդարադատության նախարարությանը, այնուհետև մինչև 2010 թվականն այնտեղ գործում էր քրեակատարողկան հիմնարկ, իսկ 2010-ին Գորիսի ՔԿՀ տեղամաս է այն համարվել։ Վերջին 3 տարիներին այդ տեղամասը չի գործում, և այդ այգիները տրամադրվում են «Դատապարտյալների աջակցության հիմնադրամին»,- ասաց նա։
Աննա Գրիգորյանը նշեց, որ տարիներ շարունակ այդ հողերը մշակվել են, իսկ այժմ դրանց շուրջ 60 տոկոսը չորացել է, իսկ մյուս մասը՝ չի մշակվում։
«Նռնաձորի բնակիչների համար այգեգործությունը եկամտի աղբյուր է, ուստի շատ կարևոր է հասկանալ, թե այս 148 հա հողը ինչո՞ւ չի վերադարձվում համայնքին»,- հարց բարձրացրեց պատգամավորը։