Հասկանալի է, որ 95թ-ին այն ուժերը, որ «այո» են ասել 1-ին Սահմանադրությանը, հիմա պիտի «ոչ» ասեն. Արմեն Ռուստամյան
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համոզված է՝ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այն փոխելու է իրեն սպառած և վարկաբեկած գործող պետական կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը: Մենք այս համոզումը ունեցել ենք Հայաստանի անկախացումից ի վեր: Մենք վստահ ենք եղել, որ 91-95թթ. հաստատված սահմանադրաօրենսդրական կարգը հակաժողովրդավարական էր և ունենալու էր այս ծանր հետևանքները: Նախագահի պաշտոնը ներդրված էր արդեն 1991 թ-ից, երբ Հայաստանը դեռևս Սահմանադրություն չուներ: Իսկ ինչպես փաստում է մարդկության փորձը, Սահմանադրության և դրա վրա հիմնված օրենսդրության բացակայության պայմաններում ցանկացած երկրում պետական կառավարման նախագահական ձևը անխուսափելիորեն տանում է բռնապետության, ինչում հայ ժողովուրդը ևս համոզվեց իր սեփական փորձով»,-հայտարարեց պատգամավորը` նշելով, որ 1995թ. ընդունված Սահմանադրությունը սոսկ իրավական ուժ և շունչ հաղորդեց արդեն հաստատված հակաժողովրդական ռեժիմին:
Նա նկատեց, որ այդ օրերին, երբ արգելվեց կուսակցության գործունեությունը, Դաշնակցությունը չէր կարող վտանգների մասին իրազեկել ժողովրդին, կանխել Սահմանադրության ընդունումը:
««Ոչ-ի» համարժեք ճակատ ձևավորելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, էլ ուր մնաց խոսենք այդ Սահմանադրության լեգիտիմության մասին: Մեր այսօրվա «այո-ն», ըստ էության, մեր հետևողական «ոչ-ն» է 95 թ-ի այդ հակաժողովրդական Սահմանադրությանը: Քանզի ակնհայտ է, որ հակաժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի հիմնադրման պատճառով մեր երկրի շեղումը ժողովրդավարությունից չի կարող վերացվել այլ կերպ, քան նույն այդ ռեժիմը արմատախիլ անելու միջոցով: Ինձ համար անընդունելի, բայց հասկանալի է, որ ռեժիմի այն ներկայացուցիչները, որ ժամանակին «այո» են ասել 1-ին Սահմանադրությանը, հիմա պիտի «ոչ» ասեն՝ հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել սեփական ֆիասկոն: Դդժվար է ընդունել կամ հասկանալ նրանց, ովքեր բազմիցս հայտարարել և նպատակ են հետապնդել անցնելու խորհրդարանական համակարգի, համամասնական ընտրակարգի և մեծացնելու ընդդիմության դերակատարությունը, հիմա այս ամենին փաստացի դեմ են»,-ասաց նա ու ընդգծեց.
«Դեմ են միայն այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է Նախագահից, ոչ թե իրենցից: Ուրեմն, ժամանակին կամ չեն հասկացել, թե ինչ են պահանջում կամ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարարվի: Ուստի, պարոնայք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կատարվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են