«Գաղթ». Հովհաննես Զարդարյանի ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում սեպտեմբերի 24-ին կբացվի հայ նշանավոր գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի (1918-1992) «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահից:
Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու):
«Թե թեմատիկ, թե գեղարվեստական առումով ներկայացվելիք աշխատանքներն առանձնանում են մինչ այդ մեզ հայտնի գործերից: Սույն ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս վերանայելու, վերաարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը»,- նշում են Ազգային պատկերասրահից:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը ծնվել է 1918 թվականի հունվարի 8-ին Կարսում: Ցեղասպանության ժամանակ, Զարդարյանները տեղափոխվում են Արմավիր, հետո Կրասնոդար և միայն 1920 թվականին հիմնավորվում Թիֆլիսում։ Այստեղ է սկսում իր գեղարվեստական կրթությունը Հովհաննես Զարդարյանը։ 1933 թվականին տասնհինգ տարեկան Զարդարյանը, թողնելով ուսումը Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում, մեկնում է Երևան, ուր շարունակում է ուսումը գեղարվեստի ուսումնարանում հայ դասական նկարիչներՍեդրակ Առաքելյանի և Վահրամ Գայֆեջյանի մոտ։
1937 թվականին Զարդարյանն ընդունվում է Լենինգրադի Գեղարվեստի Ակադեմիա։ 1941 թվականին Երևան վերադառնալիս նա արդեն հայտնի էր որպես երիտասարդ տաղանդավոր նկարիչ։
Հետպատերազմյան առաջին տարիների ընթացքում Զարդարյանը ստեղծում է «Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան», «Սևանգէսի շինարարների հաղթանակը», «Կոմիտաս» կոմպոզիցիոն կտավները։ 1956-1958 թվականներից Զարդարյանը սկսում է մասնակցել միջազգային ցուցահանդեսներին՝ Պրահա, Հնդկաստան, Վենետիկյան բիենալեներ։Բրյուսելում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին նրա «Գարուն» կտավն արժանանում է Մեծ արծաթյա մեդալի։
Զարդարյանն ապրել և ստեղծագործել է մինչև 1992 թ.` ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում, Ազգային պատկերասրահի հավաքածուում:
Գարուն
Գարնանային էտյուդ
Ուշ աշուն
Ձմեռային բնանկար
Տրդատ թագավորի կամուրջը
Գառնիի կիրճը
Արարատ
Խաչատուր Աբովյան. «Հավատա՛, արշալույսը կը ծագի»
Սովխոզի աշխատող Ա. Պողոսյանի դիմանկարը
Ուսանողուհին Սորբոնից (Ժ. Ավետիսյան)
Ռ. Դրամբյանի դիմանկարը
Ձգտում
Նախորդող հրապարակում՝
Զարդարյան, Առաքելյան, Թերլեմեզյան. Հոբելյանական ցուցահանդեսներ՝ ՀԱՊ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են