Լինդսի Սնել․ Ինչպես է վերաբերվում Սիրիայի հայկական համայնքը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմին
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը լուսաբանում է հակամարտության գոտիներում պատերազմները, Սիրիայում, որտեղ այժմ գտնվում է, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Ցանկանում էի իմանալ, թե ինչպես է վերաբերվում Սիրիայի հայկական համայնքը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմին, ... հատկապես, որ տարածաշրջանի վրա թուրքական հարձակումները շարունակվում են 2019-ի հոկտեմբերից»,-գրել է Լինդսի Սնելը, որն արցախյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտում էր ու նաև Երևանում:
Սնելի հրապարակած տեսանյութում Հարություն Մադարջյանն է, որը երաժշտական դպրոց ունի Քամիշլիում։
«Այժմ մենք, հայերս, երևի նաև քրդերը, սիրիացիները, զգում ենք, որ այն տեղի ունեցավ 100 տարի առաջ, կրկնվում է։ Նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի, մյուսների դեմ»,-ասում է Հարությունն ու հավելում, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ, ինչպես իրենք են պնդում ու հիմա էլ ուզում են մտնել Եվրամիություն։
«Ինչ Թուրքիան ու նրա վարձկաններն անում են․․․, ես վախենում եմ, որ մենք կկորցնենք ամեն ինչ, ոչ միայն մեր երկիրն ու հողը, այլ նաև մեր արժանապատվությունը։ Ժամանակն է միավորվելու ու դառնալու օսմանների ու նրանց վարձկանների դեմ պայքարելու ունակ ուժ»,-ասում է Հարությունը։
Հիշեցնենք, որ Լինդսի Սնելն առաջին լրագրողներից էր, որ փաստերով բացահայտեց Արցախի դեմ պատերազմում վարձկան ահաբեկիչների մասնակցությունը։
I wanted to know how NE Syria’s Armenian community felt about the AZ/TR war on Artsakh...especially since Turkish attacks on the region have continued since Oct. 2019. Harotyon Madarjyan owns a music school in Qamishli. “They’re repeating what they did to us 100 years ago.” pic.twitter.com/TTzKDJA0k8
— Lindsey Snell (@LindseySnell) March 18, 2021