«Հերոսական բալլադ». հնչել են Առնո Բաբաջանյանի դասական և էստրադային ստեղծագործություններից
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել էր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված երեկո։ «Հերոսական բալլադ» խորագիրը կրող համերգային ծրագրի ընթացքում հնչել են Բաբաջանյանի դասական և էստրադային ստեղծագործություններից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։ Երեկոն ղեկավարեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի, «Դիալոգ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Համերգի մեկնարկին իր ողջույնի խոսքը հղել է «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները շարունակում են միավորել տարբեր սերունդներ և ոգեշնչել նոր սխրանքների։ Պարոն Նավոյանի խոսքով՝ Առնո Բաբաջանյանի արվեստը հայ և ռուս ժողովուրդների, երկու երկրների ընդհանուր մշակութային ժառանգության մաս են, և այդ իմաստով այս երեկոն խորհրդանշական բնույթ ունի։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբիի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծել է, որ նվագախմբի կարևորագույն առաքելություններից է ներկայացնել հայ կոմպոզիտորական արվեստը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Տարին լի է հոբելյաններով, և սիմֆոնիկ նվագախումբն այդ շարքում առաջին համերգը նվիրել է հենց Առնո Բաբաջանյանին ու նրա երաժշտական ժառանգությանը։ Մաեստրո Սմբատյանը կարևորում է, որ համերգի ընթացքում ներկայացվում են հեղինակի դասական ստեղծագործությունները, որոնք սիրված և սպասված են հայ երաժշտասերների կողմից։ Առնո Բաբաջանյանի սիրված երգերից շատերը, որոնք ներկայացվել են համերգին, կոմպոզիտորի բնօրինակ ստեղծագործություններն են դաշնամուրի և նվագախմբի համար։
Դաշնակահար Ալեքսանդր Գինդինը, խոսելով Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունների մասին, նշել է, որ դրանք 20-րդ դարի դասական երաժշտության մարգարիտներն են։ Դաշնակահարը երեկոյի ընթացքում ի թիվս այլ գործերի կատարել է նաև Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», որը ըստ նրա՝ բավականին բարդ ստեղծագործություն է, ամենադժվար դաշնամուրային ստեղծագործություններից մեկը, որ ինքը երբևէ նվագել է. «Այն տպավորությունն է, որ «Հերոսական բալլադը» գրվել է շատ լավ դաշնակահարի կողմից, ինչպիսին և էր Առնո Բաբաջանյանը, որն այս ստեղծագործության մեջ կիրառել է դաշնակահարի իր ամբողջ տեխնիկական հզորությունը»։
Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ Ալեքսանդր Գինդինը նշել է, որ առաջին անգամ չէ հանդես գալիս նվագախմբի հետ. «Հաճելի է նվագել այս կոլեկտիվի հետ։ Շատ լավ մթնոլորտ է այստեղ, երաժիշտները՝ բարձրակարգ»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից նշում են, որ երեկոյի ընթացքում հնչել են Բաբաջանյանի «Հորժամ» ստեղծագործությունը սոպրանոյի և լարային նվագախմբի համար, Արիա-վոկալիզը սոպրանոյի և լարային նվագախբի համար, «Վերադարձրու ինձ երաժշտությունը» ստեղծագործությունը դաշնամուրի և նվագախմբի համար, «Շնորհակալ եմ քեզ» երգը բարիտոնի և նվագախմբի համար, «Քո հետքերը» երգ բարիտոնի և նվագախմբի համար, «Առաջին սիրո երգը» բարիտոնի և նվագախմբի համար և այլն։ Համերգի ավարտին նվագախումբը և դաշնակահար Գինդինը կատարել են Բաբաջանյանի Նոկտյուրնը դաշնամուրի և նվագախմբի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները