Բայդենի վարչակազմի պաշտոնյան՝ Հայոց ցեղասպանության մասին․ Նման վայրագությունների չկրկնման կարևոր մասը պատմության ճանաչումն է
The Hill պարբերականը լայնածավալ հոդվածով ներկայացրել է ԱՄՆ մոտ 40 սենատորների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը, որով կոչ են անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նամակում ասվում է, որ մինչ օրս ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի հաստատել Հայոց ցեղասպանության պատմական փաստերը, որը տևել է 1915-1923 թվականներին և հանգեցրեց մոտ 2 միլիոն հայերի բռնի տեղահանմանը, որոնցից 1,5 միլիոնը դաժանորեն սպանվեցին:
The Hill-ը մեկնաբանության համար դիմել է Սպիտակ տուն, որտեղ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հաղորդվում, նշել է Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին՝ որպես նախագահի թեկնածու։
«Նա այն ժամանակ ասաց, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այս սարսափելի իրադարձության մասին: Եվ մենք հավերժ կհարգենք հայ ժողովրդի տոկությունությունը՝ նման մեծ ողբերգության ֆոնին»,-ասել է պաշտոնյան։
Պաշտոնյան նշել է, որ Բայդենի վարչակազմը «պարտավորվում է խթանել մարդու իրավունքների հարգանքը և ապահովել, որ նման վայրագությունները չկրկնվեն»։
«Սրա կարևոր մասը պատմության ճանաչումն է»,-ասել է պաշտոնյան։
Սենատորների նամակում ասվում է․«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում էին Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք ձեզ հորդորում ենք՝ խախտել մեղսակցության այս օրինակը՝ պաշտոնապես ճանաչելով, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»։
Հիշեցնենք, որ դեռևս նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հստակորեն արտահայտել են իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
2019 թ․ սեպտեմբերի 16-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված իր նամակում նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարեց․ «Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի մեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1․5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և իրենց տներից 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել: Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, որոնց հիշողությունը բթացել է ողբերգությունից: Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»։