Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ ԱՄՆ 37 սենատորներ նամակ են հղել Բայդենին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
«Հպարտ եմ շարունակելու պայքարը, որ ԱՄՆ-ը հաստատի Հայոց ցեղասպանության պատմական փաստերը: Երկու կուսակցությունների վարչակազմերը լուռ էին այս ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Կարդացեք մեր նամակը նախագահ Բայդենին, որն հորդորում է նրան ընդունել ճշմարտությունը»,-այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ ներկայացնելով իր գլխավորությամբ 37 սենատորների նամակը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկվում է միանալ ԱՄՆ Կոնգրեսին՝ հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:
Նամակում ասվում է, որ մինչ օրս ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի հաստատել Հայոց ցեղասպանության պատմական փաստերը, որը տևել է 1915-1923 թվականներին և հանգեցրեց մոտ 2 միլիոն հայերի բռնի տեղահանմանը, որոնցից 1,5 միլիոնը դաժանորեն սպանվեցին:
«Մենք միանում ենք Միացյալ Նահանգների և աշխարհի հայ համայնքին՝ հարգելով այս զոհերի հիշատակը, և մենք կտրականապես դեմ ենք փորձերին՝ ձևացնելու, որ հայ ժողովրդին ոչնչացնելու միտումնավոր, կազմակերպված ջանքերն այլ բան են, քան ցեղասպանությունը», - ասվում է նամակում:
Սենատորները նախագահ Բայդենին ուղղված նամակում գրել են. «Դուք ճիշտ եք հայտարարել, որ ամերիկյան դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը պետք է արմատավորվեն մեր արժեքների մեջ, ներառյալ համընդհանուր իրավունքների հարգումը: Այդ արժեքներից պահանջվում է, որ մենք ընդունենք ճշմարտությունը և անենք հնարավորը՝ կանխելու հետագա ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները»:
«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում էին Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք ձեզ հորդորում ենք՝ խախտել մեղսակցության այս օրինակը՝ պաշտոնապես ճանաչելով, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր», - հավելել են սենատորները:
Հիշեցնենք, որ 2019 թ.-ի դեկտեմբերի 12-ին Սենատը միաձայն ընդունեց Մենենդեսի բանաձևը, որը հաստատում է Հայոց ցեղասպանության պատմական փաստերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում