Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
«Կոռեկտ չէ, որ ՀՀ քաղաքացին, որ մասնակցություն է ունեցել պատերազմին, ներկայացնի իր գործողություններն ու քայլերը, բայց ամեն դեպքում, եթե մասամբ մեկնաբանեմ այդ հայտարարությունը, ապա պետք է ասեմ, որ հոկտեմբերի 1-ից ես մեր համաքաղաքացիների հետ եղել եմ առաջնագծում և մասնակցել եմ պատերազմական բոլոր գործողություններին»,- այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ են արել Սյունիքի ինքնապաշտպանական խմբերը։ Լրագրողը հիշեցրեց, որ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ասել է, թե ինքնապաշտպանական խմբերը թիկունքում են եղել։
Նա նշեց, որ իրենք պատերազմին մասնակցություն են ունեցել այնքանով, որքանով մասնացություն են ունեցել բոլոր «նամուս-թասիբով» հայերը։
«Իսկ ձեր նշած անձը ողջ ընթացքում եղել է Գորիսի համայնքապետարանում, դա է եղել իր խրամատը։ Այդ առումով ինքը ճիշտ է, Գորիսի համայնքապետարանում պատերազմ չի եղել, այդ հատվածում գործողություններ չեն եղել։ Մի փոքր փակագիծ էլ բացեմ, ես՝ մինչև դեկտեմբերի 15 եղել եմ առաջնագծում»,- նշեց նա։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն էլ նկատեց՝ իրենք իրենց պարտքն են կատարել։
«Ինչ վերաբերում է Արմեն Խաչատրյանին, ապա նա շատ իզուր է նման բան ասել։ Ես նրան պատերազմի ընթացքում տեսել եմ Գորիսում, երբ Փաշինյանն էր եկել։ Արմեն Խաչատրյանը համայնքապետարանում սուրճ է խմել, ի՞նչ պիտի տեսներ։ Այո՛, մենք ենք մեր ջոկատներով եղել առաջնագծում։ Այն ահռելի պատասխանատվությունը, որ եղավ Փաշինյանի հոկտեմբերի 17-ի հայտարարությունից հետո, մենք սկսեցինք գործողությունները։ Սյունիքի ինքնապաշտպանության կոչից հետո մենք Սյունիքի սահմանից մոտ 40 կմ անվտանգության զոնա ենք պահել, դա հեշտ չի եղել, կռվով ենք վերցրել»,- ներկայացրեց նա։
Մանվել Փարամազյանը նաև հիշեցրեց, որ դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարարն այցելել է իրենց ու ասել, որ պետք է լքեն դիրքերը, որ պետք է թողնեն արյան գնով պահվածը.
«Մենք ստիպված լքեցինք այդ դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չենք ստացել, ասացին՝ չենք կարող տալ։ Մինչ օրս պետության կողմից ոչ մի աջակցություն չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար
- Իրենք կարող է ուզեն հանձնել Սյունիքը, բայց չեն կարող, տվող չկա. Պատերազմի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան