«Ոչ»-ի միասնական ճակատի ստեղծումը լուրջ թափ կհաղորդի սահմանադրական արկածախնդրությունը տապալելու գործին. Զուրաբյան
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր ելույթում խոսեց Հայաստանում աճող գործազրկության, առևտրի շրջանառության կրճատման, աղքատության աճի, ուղղակի ներդրումների կրճատման մասին, հայտարարեց, որ «Հայաստանում փակվում են բիզնեսներ, աճում են արտագաղթի տեմպերը», այնուհետև անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումներին.
«Իրավիճակն է՛լ ավելի է սրվում այն պատճառով, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված հրատապ քայլեր իրականացնելու փոխարեն՝ իշխանությունները նպատակադրվել են առաջիկա ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման նպատակով ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները: Այս ընթացքում, վախենալով սոցիալական հնարավոր պայթյունից, նրանք զերծ են մնալու տնտեսության աջակցության որևէ քայլից և առնվազն մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու են դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը՝ է՛լ ավելի ծանրացնելով տնտեսվարողների վիճակը: Ըստ վարչախմբի ծրագրի՝ սահմանադրական հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրության կամքը, որից հետո տնտեսության և բնակչության կենսամակարդակի անկումը այլևս վտանգավոր չի լինի իշխանության պահպանման գործին:
Իշխանությունները ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ՝ այդ գործի հաջողության գլխավոր քաղաքական երաշխիք համարելով վերարտադրության սահմանադրափոխությունը: Իշխանությունների վերարտադրման այս ծրագիրը, այսպիսով, շատ թանկ է նստելու մեր ժողովրդի և երկրի տնտեսության վրա՝ առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ և արտագաղթի նոր ալիք: Ուստի հանցավոր այս ծրագրին «Ոչ» ասելը վերածվում է նաև «Ոչ»- ի՝ ամբողջ այս ռեժիմին և նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին: Վստահ եմ, որ սեպտեմբերի 12-ին Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների «Ոչ»-ի միասնական ճակատի ստեղծումը լուրջ թափ կհաղորդի սահմանադրական այս արկածախնդրությունը տապալելու գործին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում