Էրդողանը Թուրքիան դուրս բերեց Ստամբուլի կոնվենցիայից
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը դուրս բերեց Թուրքիային միջազգային համաձայնագրից՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից», որը նախատեսված է կանանց պաշտպանելու համար։ Այս մասին գրում է Reuters-ը։
Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան, որը բացվել էր անդամ երկրների ստորագրման համար 2011թ․-ին Ստամբուլում, նպատակ է հռչակել կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումն ու պայքարը։
Կոնվենցիայից դուրս գալու համար ոչ մի պատճառ չի ներկայացվել, բայց Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաները հայտարարել են, որ անցյալ տարի կառավարությունը քննարկում էր դուրս գալը։
«Կանանց իրավունքների երաշխիքը մեր ենթաօրենսդրության, առաջին հերթին՝ մեր Սահմանադրության գործող կանոնակարգերն են: Մեր դատական համակարգը բավականաչափ դինամիկ և ուժեղ է, որպեսզի անհրաժեշտության դեպքում նոր կանոնակարգեր կիրառի», - Twitter-ի իր էջում գրել է ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Զեհրա Զումրութը՝ առանց այդ քայլի համար պատճառաբանություն ներկայացնելու:
Թուրքիայում շատ պահպանողականներ կարծում են, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան կառույցները՝ խրախուսելով բռնությունը: Նրանք նաև թշնամաբար են վերաբերվում Ստամբուլի կոնվենցիայում գենդերային հավասարության սկզբունքին և այն դիտում են որպես համասեռամոլությունը խթանող՝ հաշվի առնելով սեռական կողմնորոշման հիմքերով խտրականության արգելման նրա սկզբունքը:
Ինչպես գրում է Reuters-ը, Թուրքիան առաջին երկիրը չէ, որ շարժվում է դեպի կոնվենցիայի խզում: Լեհաստանի բարձրագույն դատարանը մանրազնին ուսումնասիրեց պայմանագիրը այն բանից հետո, երբ կառավարության անդամը ասաց, որ Վարշավան պետք է դուրս գա այն պայմանագրից, որը ազգայնական կառավարությունը համարում է չափազանց ազատական:
Էրդողանը դատապարտել է կանանց նկատմամբ բռնությունը՝ նաև այս ամիս, ասելով, որ իր կառավարությունը կաշխատի կանանց նկատմամբ բռնությունը արմատախիլ անելու ուղղությամբ: Քննադատները նշում են, որ նրա կառավարությունը բավարար ջանք չի գործադրել կանխելու ֆեմիցիդները և ընտանեկան բռնությունները:
Թուրքիան չի պահպանում ֆեմիցիդին վերաբերող պաշտոնական վիճակագրություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները ցույց են տվել, որ Թուրքիայում կանանց 38% -ը կյանքի ընթացքում ենթարկվում է զուգընկերոջ կողմից բռնության, իսկ Եվրոպայում` մոտ 25%:
Էրդողանի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նա այս ամիս ներկայացրեց դատական բարեփոխումները, որոնք, նրա խոսքով, կբարելավեն իրավունքներն ու ազատությունները, և կօգնեն համապատասխանել ԵՄ չափանիշներին:
Հիշեցնենք, որ Ստամբուլի կոնվենցիան Հայաստանում ևս տարաձայնություններ էր առաջացրել։ Կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018թ․-ի հունվարի 18-ին, սակայն այն չի վավերացվել ու չի մտել ուժի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ոստիկանները ձերբակալել են Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին
- Լեհաստանը դուրս է գալիս Ստամբուլի կոնվենցիայից
- ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանում Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը
- Ստամբուլի Կոնվենցիայում թաքնված ռիսկերը՝ ըստ Արա Զոհրաբյանի
- Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան
- Յագլանդը Հայաստանին կոչ է արել ստորագրել Ստամբուլի կոնվենցիան