Իտալիայում բանակի տանկը պայթեցրել է հավաբունը
Իտալական բանակի տանկը ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար պայթեցրել է հավաբունը Պորդենոնեի մոտակայքում: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ տանկը չորեքշաբթի օրը մասնակցում էր գիշերային զորավարժություններին հրաձգարանում, երբ սխալմամբ կրակ է բացել մոտակա ֆերմայի վրա:
Ֆերմայի սեփականատերերը հինգշաբթի առավոտյան հայտնաբերել է, որ շուրջ հարյուր հավ սատկել է։
Միջադեպից ոչ ոք չի տուժել, չնայած տանկի կրակը նյութական մեծ վնաս է հասցրել այն շենքին, որտեղ պահում էին հավերը:
Իտալիայի ռազմական ոստիկանությունը առգրավել է չորս ռազմական տանկերը, որոնք մասնակցում էին զորավարժություններին հյուսիսարևելյան Վիվարո քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ զինվորները անմիջապես չեն հասկացել, թե ինչ է պատահել, քանի որ պայթյունից հրդեհ չի առաջացել:
Պորդենոնեի դատախազները նույնպես հետաքննություն են սկսել միջադեպի կապակցությամբ: