Գալստյան կիրակի՝ 21.03
Փետրվարի 15-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Qahana.am-ից տեղեկանում ենք, որ դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Գալստյան կիրակի
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13):
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ պահք. Միջինք
- Տնտեսի կիրակի՝ 07.03
- Արտաքսման կիրակի՝ 21.02
- Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում. Գարեգին Երկրորդ
- Մեկնարկում է Մեծ Պահքի շրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին