ԱՄՆ զեկույց․ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծումը պետք է հետաքննվի, մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության
Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թվականի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, ուր անդրադարձել է երկրում 2019 թվականի ընթացքում արձանագրված միտումներին և զարգացումներին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
2020 թ-ի սկզբին USCIRF առաքելությունն այցելել էր Ադրբեջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Զեկույցը ներառել է նաև անցած տարվա վերջին ԼՂ շուրջ ռազմական հակամարտության հետ կապված դրույթներ:
USCIRF-ն արձանագրում է վերջին տարիներին Ադրբեջանում որոշակի բարելավում կրոնական ազատությունների պաշտպանության հարցում: Մասնավորապես դադարեցվել են իրավապահների կողմից ծրագրած ռեյդերը կրոնական համայնքների դեմ, ինչպես նաև ներում է շնորհվվել բազմաթիվ կրոնական ակտիվիստների: Այնուամենայնիվ, ըստ հանձնաժողովի, Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ խնդրահարույց հակասական օրենսդրության, մասնավորապես, «Կրոնական ազատությունների մասին» 2009 թ. օրենքի պատճառով: Իշխանությունները հետաքրքրվածություն չեն ցուցաբերում՝ այն վերանայելու հարցում:
Զեկույցն անդրադարձել է նաև բազմաթիվ այլ խնդիրների՝ կրոնական համայնքների գործունեությունը սահմանափակող տարրերի և պարտադիր գրանցման պահանջին, կրոնական ակտիվիստների նկատմամբ շարունակվող ճնշումներին, մասնավորապես, նրանց ազատազրկմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված հակամարտության համատեքստում գրանցված վերջին խախտումներին:
Ըստ զեկույցի՝ 2020 թ-ի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների շուրջ վերսկսված ռազմական հակամարտության ընթացքում Հայաստանը մեղադրեց Ադրբեջանին սբ. Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծման մեջ:
Հրապարակված հաղորդագրությունների համաձայն, նշված է զեկույցում, եկեղեցին երկու անգամ ենթարկվել է հրթիռային ուղիղ հարվածների, որոնք զգալիորեն վնասել են եկեղեցու տանիքը և ներսը: Զեկույցը մեջբերում է Human Rights Watch-ի անցած տարվա դեկտեմբերի եզրակացությունը, ըստ որի, դա դիտավորյալ հարձակում էր, որը որակվում է որպես ռազմական հանցագործություն: Այն պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ասված է հանձնաժողովի զեկույցում: Հանձնաժողովը նշել է նաև՝ Ադրբեջանը պնդում է, որ հայկական ուժերը ևս վնասել են կրոնական հուշարձաններ:
Զեկույցն ընդգծում է, որ նոյեմբերին ստորագրված զինադադարի մասին հայտարարությունը մտահոգություններ առաջացրեց Ադրբեջանին անցած տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ: Ըստ զեկույցի, նախագահ Ալիեւը հավաստիացումներ է տվել ՌԴ նախագահ Պուտինին, որ քրիստոնեական վանքերը այդ տարածքներում կպահպանվեն, սակայն, պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը, ենթարկվել են վանդալիզմի:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կառույցը ևս կոչ է արել պահպանել պատմամշակութային կոթողներն այս տարածքներում և առաջարկել առաքելություն ուղարկել այնտեղ՝ պատմամշակութային ժառանգության կոթողների գույքագրում իրականացնելու համար:
Կրոնական միջազգային ազատությունների հարցերով ԱՄՆ հանձնաժողովը հանդես է եկել մի շարք առաջարկություններով՝ ուղղված ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին: Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը ներառել Ադրբեջանը պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով, ինչպես նաև համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ`«Կրոնական ազատությունների մասին» 2009 թվականի օրենքը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Հանձնաժողովը նաև առաջարկում է ԱՄՆ Կոնգրեսին անցկացնել հանրային լսումներ՝ Ադրբեջանում կրոնական ազատության իրավունքի եւ մարդու այլ իրավունքների խախտումների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը
- Ալիևը կնոջ ու դստեր հետ Սուրբ Ղազանչեցոցում ֆոտոսեսիա է արել
- Human Rights Watch. Ադրբեջանի հարձակումը Ղազանչեցոց եկեղեցու վրա հնարավոր ռազմական հանցագործություն է
- Ամարասի վանական համալիր, Ղազանչեցոց, Գտչավանք, Դադիվանք, Ծիծեռնավանք, ...ներիր մեզ. Արտակ Զաքարյան
- Դադիվանքն ու Ղազանչեցոց եկեղեցին՝ Պուտինի անձնական պաշտպանության տակ
- Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին
- Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը չեն լռելու
- Հարսը՝ Ղազանչեցոց եկեղեցուց. Սա մեր բողոքն է ու մեր պայքարը
- Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Հարությունյան
- ՀՀ-ում ԵՄ դեսպանը տեսել է թշնամու հարձակումից վնասված Ղազանչեցոց եկեղեցին, մշակույթի տունն ու մեծագույն ցավ ապրել
- Ադրբեջանական հարվածներից վնասված Ղազանչեցոց եկեղեցին
- Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը
- «Կռունկը»՝ հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում
- Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածը դիտավորյալ էր. վիրավորված ռուսաստանցի լրագրող
- Ադրբեջանի համար տեսանելի է եղել, որ հարվածում են Ղազանչեցոց եկեղեցուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան