«Մենք կճանաչենք Հայոց ցեղասպանությունը». Սպիտակ տան խոսնակ
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը», - այս մասին հունական «Ekathimerini»-ին ասել է Սպիտակ տան խոսնակը:
«Ekathimerini»-ն գրում է, որ այս մասին խոսնակն ասել է՝ պատասխանելով կոնգրեսական Բոբ Մենենեսի նախաձեռնությամբ մոտ 40 կոնգրեսականների նամակի վերաբերյալ մեկնաբանությանը, որով Բայդենին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Խոսնակն ասել է, որ Բայդենի վարչակազմը պարտավորվել է ապահովել, որ նման վայրագությունները չկրկնվեն, և որ դրա համար վճռական է անցյալի ոճրագործությունների ճանաչումը:
Հիշեցնենք, որ The Hill պարբերականին ևս Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ Բայդենի վարչակազմը «պարտավորվում է խթանել մարդու իրավունքների հարգանքը և ապահովել, որ նման վայրագությունները չկրկնվեն» և որ «սրա կարևոր մասը պատմության ճանաչումն է»։
Հավելենք, որ կոնգրեսականների նամակում ասվում է, որ մինչ օրս ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի հաստատել Հայոց ցեղասպանության պատմական փաստերը, որը տևել է 1915-1923 թվականներին և հանգեցրեց մոտ 2 միլիոն հայերի բռնի տեղահանմանը, որոնցից 1,5 միլիոնը դաժանորեն սպանվեցին:
«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում էին Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք ձեզ հորդորում ենք՝ խախտել մեղսակցության այս օրինակը՝ պաշտոնապես ճանաչելով, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,-ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ դեռևս նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հստակորեն արտահայտել են իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենի վարչակազմի պաշտոնյան՝ Հայոց ցեղասպանության մասին․ Նման վայրագությունների չկրկնման կարևոր մասը պատմության ճանաչումն է
- Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ ԱՄՆ 37 սենատորներ նամակ են հղել Բայդենին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը