«Ժողովուրդ». Հի՞ն, թե՞ նոր ընտրական օրենսգրքով. Իշխող խմբակցությունում կարծիքները բաժանվել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը դարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննարկման թեժ թեման: Բանն այն է, որ օրենսգրքի նախագծի ընդունման հարցում իմքայլականները բաժանվել են երկու թևի: Մարզերից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներն ամեն ինչ անում են, որ ընտրությունների գնան հին օրենսգրքով, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը չհանվի օրենսգրքից, իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշ անդամներ կողմ են, որ Ընտրական օրենսգրքից ընդհանրապես հանվի ռեյտինգային ընտրակարգը, լինեն միայն համամասնական կարգով ընտրություններ: Օրենսգրքի փոփոխություններին կողմ է նաև իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը տևական ժամանակ է՝ աշխատում էր օրենսգրքի փոփոխությունների վրա:
Օրենսգրքի փոփոխությունների կողմնակից են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթև Հայրապետյանը, Աննա Կարապետյանը, որոնք դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին գնալ ներկայիս ընտրակարգով: Ու այժմ այս հարցը դարձել է տարաձայնությունների պատճառ: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հստակ իր թիմին չի ասել, թե այս հարցում իր վերջնական դիրքորոշումը որն է: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո խմբակցությունը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նրանք լծվել էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերը կարգավորելու գործին: Այժմ սպասում են Փաշինյանի խոսքին` հետագա քայլերի համար:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով առաջին հերթին պետք է փոխվեր ռեյտինգային համակարգը: Փաշինյանի խոսքով՝ հենց այս համակարգի շնորհիվ էին նախկին իշխանությունները կարողանում վերարտադրվել, քանի որ օգտագործում էին գործարարների, հեղինակությունների ռեսուրսները և հենց նման անձանց շնորհիվ ձայներ բերում, այլ ոչ թե գաղափարների: Սակայն հիմա, կարծես թե, Փաշինյանի սրտով է ռեյտինգային ընտրակարգը, և նա ևս որոշել է նոր ընտրությունները կազմակերպել՝ օգտագործելով հենց իր կողմից մերժված գործիքները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: