«Ընտրությունների շեմին Ալիևը կարող է բարձրացնել Փաշինյանի ռեյտնիգը՝ վերադարձնելով գերիներին»
«Նիկոլը, երեք տարի շարունակ լինելով երկրում թիվ մեկ պատասխանատուն, դեռ խորը ընդդիմություն է, ու իր բոլոր շոուները անցկացնում է ընդդիմադիր հայացքներով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին և պատերազմի վերաբերյալ արած հայտարարություններին։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը մարդ է, որը չի գիտակցում, որ երկրում կատարվողի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, նա շարունակում է մնալ ընդդիմադիր, այլ էլ՝ «շինծու ընդդիմադիր»։
«Մեզ համար շարունակում է ամենամեծ աղետը մնալ Հայաստանում թուրքերի գործադիր մարմին ունենալը, թեև աղետալի է նաև այն, որ որոշ մարդիկ, որոնք առաջնորդվում են՝ որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքով, նրան դիմավորում են աղ ու հացով...։ Հիշո՞ւմ եք՝ Մյունխենում ինքը խոսում էր համատեղ բնակության վայրերի մասին, իսկ հիմա ինքը բառացի ասում է Ադրբեջանի նպատակն էր Արցախում հայերի ֆիզիկական բնաջնջումը։ Այդ նույն մարդը եթե հիմա խոսում է ֆիզիկական բնաջնջման մասին, բա ո՞նց էր առաջ համատեղ բնակության վայրերի մասին խոսում, ո՞նց է հիմա խաղաղասիրություն քարոզում, ո՞նց է ասում, որ թուրքերի հետ պետք է խաղաղ ապրել»,- հարց հնչեցրեց նա։
Ըստ Գևորգ Գևորգյանի, Նիկոլ Փաշինյանն իր խոսքի ժամանակ երկու իրար հակասող մտքեր է արտահայտում, բայց հասարակությունը դա չի հասկանում։
«Պետք է հասկանալ, որ այս այցերը Նիկոլ Փաշինյանի հերթական բեմականացումներն են, ինքն այդպես ժամանակ է ձգում։ Իր այդ շոուների ընթացքում 50-60 հոգուն ցույց են տալիս որպես 200-300 հոգի, քանի որ իրենց նպատակն ուրիշ բան է, դրսի տերերի համար է արվում։ Ինքն ուզում է իր պաշտոնավարումը երկարաձգել, ինչո՞ւ։
Երեք տարվա ընթացքում ինքը ոչ մի հայանպաստ քայլ չարեց..., Ադրբեջանի բանտերում խոշտանգվում են մեր գերեվարված ընկերներն ու զինվորները, իսկ ինքը թքած ունի, ոչինչ չի անում այդ տղաներին հետ բերելու համար։ Մարդը հունվարի 11-ին գնաց փաստաթուղթ ստորագրելու, որտեղ այդ կետը կար, ու ինքը գերիների հարցի հետ կապված կարող էր այդ փաստաթուղթը դեն շպրտել ու ասել՝ չեմմ ստորագրում, քանի որ ի նպաստ իմ պետության ոչինչ չկա»,- նկատեց բանախոսը։
Գևորգ Գևորգյանը կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրությունների շեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով, ըստ նրա, ՀՀ-ում օրենսդիրի ղեկավարն է, կարող է նվեր անել Նիկոլ Փաշինյանին, և գերիների մի խմբաքանակ ևս վերադարձնել, որպեսզի Փաշինյանի ռեյտինգը բարձրանա։
«Տա Աստված, որ այդպես լինի, դա նվեր կլինի մեր բոլորի համար»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»
- Բալյան. Ալիևը համաներում է հայտարարել, տարածվում է նաև հայ գերիների վրա, ում նկատմամբ իրականացվում էր քրեական հետապնդում
- «Մոտավոր հաշվարկներով մենք 250-ից ավելի ռազմագերի ունենք, որոնց գերության ամեն օրը Բաքվում դժոխք է»