Կարմիր շուկայի բնակչի հավանական ինքնահրկիզման դեպքի վերաբերյալ ԱՀ դատախազության հաղորդագրությունը
Կարմիր շուկա գյուղի բնակչի հավանական ինքնահրկիզման դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասվում է․
«Սույն թվականի մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ․Պ․ն նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վ․Պ-ի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի վարչական տարածք հանդիսացող կոչվող տեղամասում, որը գյուղի՝ առաջնագծից ամենամեծ հեռավորության վրա գտնվող վայրերից է:
Նկարագրված դեպքի կապակցությամբ 21․03․2021թ․ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Ըստ նախնական տվյալների` հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վ.Պ.-ն գտնվում էր հոգեճնշող վիճակում, ուշ-ուշ էր դուրս գալիս տնից, ծանր էր տանում 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում եղբոր որդու զոհվելու փաստը և հատկապես դյուրագրգիռ էր դարձել զոհված հարազատի վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը դիտելուց հետո:
Հաշվի առնելով սույն դեպքի կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող տարբեր մեկնաբանությունները, հավաստիացնում ենք, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվելու և քննության են առնվելու դեպքի հնարավոր բոլոր վարկածները, որոնց արդյունքների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
Սակայն նախքան քրեական գործի մինչդատական վարույթի ավարտը խնդրում և հորդորում ենք` չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ անձնական այնպիսի մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով ու կարող են հանրության մոտ չհիմնավորված խուճապի և մտահոգության պատճառ հանդիսանալ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր Շուկայի բնակչին հայտնաբերել են հրկիզված վիճակում
- Կարմիր Շուկայի բնակիչը կեսգիշերին դուրս է եկել տանից ու չի վերադարձել
- Կարմիր շուկայի բնակիչ. Թուրքի պոստը 500 մետր է հեռու, ո՞նց ապրես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան