Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և ՀՊՍՆ հանդես կգան Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով
Ապրիլի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգի ընթացքում կհնչեն Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar, Adios Nonino, Le Grand Tango, Violentango, Ave Maria, Libertango և այլ գործեր։
Երաժշտության մեջ Աստոր Պիացոլայի անունը նույնանում է տանգոյի հետ։ Արգենտինացի մեծանուն երաժիշտը ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ ավանդական տանգոյին միաձուլելով ջազի և դասական երաժշտության տարրեր։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյի ընթացքում ելույթ կունենա հայ երաժշտասերների կողմից շատ սիրված ու սպասված իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ում գործունեության վրա մեծ է Աստոր Պիացոլայի ազդեցությունը. Պիետրոդարկին իր ելույթների ժամանակ գրեթե միշտ կատարում է Պիացոլայի գործերը:
Երևանյան համերգը կղեկավարեն դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։