Ռուսական մամուլը՝ ՍՈւ-30-ներն առանց հրթիռ գնելու Փաշինյանի հայտարարության մասին
Ռուսական գրեթե բոլոր խոշորագույն լրատվամիջոցներն անդրադարձել են օրերս Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով հաստատել էր, որ Հայաստանը Ռուսաստանից ՍՈւ-30 ինքնաթիռները գնել է առանց հրթիռների։
«Մեզ ասում են ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո՛, մենք ինքնաթիռ առել ենք, և, այո՛, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել», - Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը։
Գրեթե բոլոր լրատվականները տեղեկությունը վերնագրել են․ «ՀՀ վարչապետ Փաշինյանը խոստովանեց, որ Սու-30-ը գնվել է Ռուսաստանից՝ առանց հրթիռների»։
Ռիա Նովոստին, ներկայացնելով Փաշինյանի հայտարարությունը, գրում է, որ սրա համար պատասխանատվությունը նա դրել է նախորդ կառավարության վրա: Նշվում է, որ այն փաստը, որ Ռուսաստանից գնված Սու-30 ՍՄ-ն կործանիչները զինամթերքով հագեցած չեն, ավելի վաղ ասել էր ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, իսկ Հայաստանի իշխանությունները չէին հաստատել այս հայտարարությունը:
Lenta.ru-ն գրում է, որ Փաշինյանն հայտարարել է, որ պետությունը միջոցներ ու ժամանակ կունենար զինամթերք գնել, եթե նախորդ կառավարությունը նախապես սկսեր կործանիչների գնումը:
Interfax-ն հիշեցնում է 2020 թվականի նոյեմբերին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության ոչ պատշաճ նախապատրաստման մասին ու այն, որ կործանիչները զինամթերք չունեին, որը հերքել էր Պաշտպանության նախարարությունը։
Մեջբերվում է ՊՆ հերքումի տեքստը, որում նշվում էր, որ «Հակոբյանի հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պարունակում են պետական գաղտնիքներ»:
«ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական տված Հակոբյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ վարչապետ Փաշինյանի կողմից զենքի գնման ծրագիրը անհիմն կերպով փոխվել է:
Մինչդեռ Փաշինյանն անհիմն անվանեց Հակոբյանի մեղադրանքները: Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը Facebook-ում հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը պարոն Հակոբյանի առաջադրած բոլոր մեղադրանքները համարում է «շինծու և անհեթեթ»»,-գրում է կայքը։
RBC-ն գրում է․ Փաշինյանն առանց հրթիռի ինքնաթիռների գնման պատասխանատվությունը դրեց նախկին իշխանությունների վրա։ Ներկայացվում է նաև Մովսես Հակոբյանի հայտարարությունը, որը ինքը փորձել է հետ համոզել Փաշինյանին գնել կործանիչները, քանի որ Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է նրանց հրթիռների վաճառքը։
Հիշեցվում է, որ 2019-ի հունվարին Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց չորս Սու-30 ՍՄ-ն կործանիչների մատակարարման համար: Մեկ ամիս անց հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են գնել ևս ութ հատ:
Թեմային են անդրադարձել նաև «Իզվեստիա», «Վեդոմոստի», RT, «Էխո Մոսկվի», «Gazeta», «Vesti» ու մի շարք կայքեր։
Վերջում հավելենք, որ 2020թ․-ի հուլիսի 3-ին Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր, թե «Մեր «ՍՈւ30»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան