Ծնելիության գործակիցը մոտ 1.8 անգամ նվազել է՝ համեմատած 1990 թվականի հետ
«Դեմոգրաֆիական իրավիճակի վատթարացման մասին խոսում են ստատիստիկ տվյալները, որոնցից մեկը պտղաբերության նվազումն է, որի ցուցանիշը հիմա 1.6 է, իսկ պարզ վերարտադրողականության համար առնվազն 2.1 է անհրաժեշտ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանն՝ անդրադառնալով առկա ժողովրդագրական իրավիճակին։
Նրա խոսքով, ծնելիության գործակիցը մոտ 1.8 անգամ նվազել է՝ համեմատած 1990 թվականի հետ, իսկ եթե դրան ավելացվի նաև անպտղության մակարդակը, որը վերջին հետազոտության տվյալներով՝ կանանց մոտ 14.9% է, իսկ տղամադրկանց մոտ՝ 9.5%, ապա պարզ կդառնա, որ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։
«Այդ իսկ պատճառով մշակվել է անպտղության հաղթահարման ծրագիր, որը ներառում է մի քանի բաղադրիչ։ Դրանցից առաջինը անպտղության պատճառագիտության որոշում ու բուժումն է։ Ապա դրան հաջորդում են արհեստական սերմնավորումն ու արհեստական բեղմնավորումը, որի համար սահմանվել են շահառուների մի շարք խմբեր»,- ասաց նա։
Նունե Փաշայանը ներկայացրեց՝ շահառուների խմբերում կարող են ներառվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիություն կրելու համար։
«Խմբում ներառված են նաև սահմանամերձ համայնքների բնակիչները, ընդ որում՝ 2020-ի հունիսին կատարվել է փոփոխություն. եթե մինչ այդ շահառու էին հանդիսանում 38 համայնքների բնակիչները, ապա այժմ շահառու են համարվում 184 սահմանամերձ համայնքների բնակիչները»,- նշեց նա։
Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով, Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ՝ ծրագրի շահառու են հանդիսանում նաև 44-օրյա պատերազմում զոհված զինվորների, կամավորների ծնողները։
«Նրանց դեպքում տարիքային ու անզավակության սահմանափակում չկա, նաև չկա գրանցված ամուսնություն ունենալու նախապայման»,- ասաց նա։
Նունե Փաշայանը տեղեկացրեց, որ ծրագրի շահառուները կարող են դիմել հինգ կենտրոններից որևէ մեկին, որոնք իրականացնում են բուժօգնություն՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Նրանք կարող են օգտվել պատճառագիտության ախտորոշում և բուժում ծրագրից։ Նրանց տրվում է արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի հնարավորություն, երկրորդ փորձն իրականացվում է 50% զեղչով։ Ամբողջությամբ անվճար ենք իրականացնում սերմնավորման վեց փորձերը։ Բոլոր հետազոտությունները, որոնք նախորդում են այդ գործընթացներին, իրականացվում են անվճար»,- ներկայացրեց նա։
Նունե Փաշայանը տեղեկացրեց նաև, որ եթե 2020 թվականին իրականացվել է արգանդի խոռոչում սաղմիկների 49 տեղադրում, ապա 2021 թվականի առաջին եռամսյակին արդեն իսկ իրականացվել է 44 տեղադրում, ինչը պայմանավորված է տարեսկզբին կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվերի նվազմամբ։
«Այս տարի 917 մլն դրամ նախատեսվել է այս ծրագիրն իրականացնելու համար, ինչը երեք անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արտամարմնային բեղմնավորման արդյունքները Հայաստանում. «Մեր կանայք այլևս կարիք չունեն մեկնել արտասահման»
- Հայաստանում շուրջ 9000 զույգ արտամարմնային բեղմնավորման կարիք ունի