ՊՆ-ից հաստատել են. Երկու զինծառայողի հետ կապը կորել է
Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ArmLur.am-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր.
«Երեկ արտառոց դեպք է եղել Ջերմուկի զորամասերից մեկում: Երեկ ժամը 15:00-ից երկու զինվոր են անետացել Ջերմուկի զորամասից և, նախնական տեղեկություններով, զինվորները միգուցե մնացել են ձնաբքի տակ:
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, կորած զինվորները Կարեն Շահնազարյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի զորամասերից մեկից են եղել և այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում»։