«Կյանքը ՌԴ-ին և Չինաստանին ստիպում կառուցել իրենց գիծն այնպես, որ կախված չլինեն արևմտյան գործընկերների «քմահաճույքներից»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Ռուսաստանի համար պատժամիջոցների ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտության մասին`առաջնային համարելով տեխնոլոգիական անկախության ամրապնդումը, դոլարին այլընտրանք համարվող համաշխարհային այլ արժույթների օգտագործումը և միջազգային վճարային համակարգերից հրաժարվելը: Չինական լրատվամիջոցներին տված Լավրովի հարցազրույցը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Դուք տեսնում եք, թե ինչպես է Միացյալ Նահանգները հայտարարում իր առջև դրված խնդրի մասին՝ սահմանափակելու ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները: Հետևաբար, մենք պետք է նվազեցնենք պատժամիջոցների ռիսկերը՝ ամրապնդելով մեր տեխնոլոգիական անկախությունը, անցնելով ազգային արժույթներով գործարքներին և օգտագործելով համաշխարհային արժույթներից դոլարի այլընտրանքները»,- ասել է Լավրովը:
ՌԴ նախարարը կոչ է արել նաև հեռանալ արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից: Նա բացատրել է, որ կյանքը Ռուսաստանին և Չինաստանին ստիպում է տնտեսական և սոցիալական զարգացման մեջ կառուցել իրենց գիծն այնպես, որ նրանք կախված չլինեն իրենց արևմտյան գործընկերների «քմահաճույքներից»:
«Ժամանակակից միջազգային հարաբերություններում որևէ մեկին պատժելը, ընդհանուր առմամբ, սխալ է, և նման չափանիշով Ռուսաստանին և Չինաստանին մոտենալը պարզապես՝ անխոհեմ»,-ասել է Լավրովը:
Մարտի 22-ին Ռուսաստանի արտգործնախարարը սկսում է իր արտասահմանյան ուղևորությունը Ասիա: Լավրովը Չինաստան և Հարավային Կորեա կայցելի մարտի 22-25-ը: