«Հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»
«The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։ Այս մասին ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ «The Human Rights Watch»-ի զեկույցի վերաբերյալ մեկնաբանության մեջ։
Ասվում է, որ զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։
«Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։
Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»,- ասել է Աննա Նաղդալյանը։