«Բագարանի Շուշանավանքը» բացահայտում է պատմական Բագարանի լռակյաց «պահապանին»
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ տպագրվել է «Բագարանի Շուշանավանքը» եզակի աշխատությունը։ Գիրքը նվիրված է հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից մեկի՝ Բագարանի՝ Սբ. Շուշան կոչվող վեցխորան եկեղեցու և այն ընդգրկող հուշարձանախմբի (ամբողջ համալիրը կոչվում է Շուշանավանք) պատմաճարտարապետական ու աղբյուրագիտական քննությանը: Այս մասին հայտնում են «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից:
Եկեղեցին տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին՝ քարքարոտ բլրի գագաթին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի պատմական Բագարան։ Աշխատության նախաձեռնողը և ղեկավարը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն է։
«Շուշանավանքը առաջին անգամ տեսանք նախորդ տարի՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցի ընթացքում։ Միանգամից նկատեցինք ժայռաբլրին կիսավեր եկեղեցու գեղեցկությունը, որը վեհ և միայնակ կանգնած է սահմանին, որպես լռակյաց «պահապան»։ Այսօր եկեղեցուն կարելի է մոտենալ միայն արևելքից՝ դժվարանցանելի քարքարոտ ճանապարհով։ Միջնադարյան համալիրի պատմության քիչ հայտնի լինելը մեզ մղեց ուսումնասիրությանը՝ հետագայում այն վերականգնելու համար համախոհներ գտնելու ակնկալիքով», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված գիրքը գիտական աշխատություն է, որտեղ ներկայացվում է Սբ. Շուշան անվան ծագումը, հստակեցվում են հուշարձանախմբի շինարարական փուլերն ու թվագրումը, ճարտարապետական հորինվածքային լուծումները, վիմագրերը:
«Հայաստանը իսկապես թանգարան է բաց երկնքի տակ, բայց կան նաև երբևէ ուշադրության չարժանացած հուշարձաններ, որոնց ուսումնասիրությունը նույնքան ուշագրավ է և հրատապ։ Հուսով եմ, որ կգա ժամանակը և մենք համատեղ ջանքերով կվերականգնենք և պատշաճ կերպով աշխարհին կներկայացնենք Շուշանավանքը», - ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Գիրքը ստեղծվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնային Անվտանգության Ծառայության սահմանապահների վարչության հրամանատարակազմի և անձամբ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռ. Ն. Գոլուբիցկու աջակցությամբ։
«Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում, իրավամբ այն հնամենի վանքերի և եկեղեցիների երկիր է։ Դրանցից մեկն էլ Բագարանի Շուշանավանքն է, որը այսօր հայտնվել է երկու պետությունների սահմանագծին: Այն պարբերաբար վնասվել է ոչ միայն բնական աղետներից, այլ նաև՝ մարդկային գործելակերպից: Տեղաբնակների վկայությամբ՝ Շուշանավանքը Թուրքիայի կողմից բազմիցս գնդակոծվել է։
Հայաստանում ռուսական սահմանապահների առաքելությունը ոչ միայն պետական սահմանների անվտանգության ապահովում է, այլև՝ սահմանային գոտում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանումը: Վստահեցնում եմ, որ ջանք չի խնայվի պահպանելու քրիստոնեական այս հոյակերտ տաճարը», - ասել է գեներալ-լեյտենանտ, ՀՀ-ում Ռոուսաստանի ԴԱԾ սահմանապահների վարչության պետ Ռոման Գոլուբիզկին։
Նախորդ տարի Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը սահմանապահների վարչության հետ, համալիրի մոտակայքում տեղադրվել է նաև եկեղեցու պատմության և ճարտարապետության մասին պատմող ցուցատախտակ՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան