Նախկինում եղել է հայկական Շուշի, որն այսօր սարքել ես Ալիևի և Մեհրիբանի թեյախմարան. Շարմազանովը՝ Փաշինյանին
«Նախկինում եղել է Եռատոն, որը վեր ես ածել սգի և «Էռատո» ջոկատի, նախկինում եղել է հայկական Շուշի, որը դու այսօր սարքել ես Ալիևի և Մեհրիբանի թեյախմարանի»,- «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Նա նկատեց, որ Արցախի մեծ մասը հանձնելուց հետո Փաշինյանը ոտք չի դնում այնտեղ, բայց շարունակում է իր սև գործը և հիշեց Գարեգին Նժդեհի խոսքը. «Թուրքից ավելի վատը մեր միջի տականքն է»:
Ըստ Շարմազանովի՝ պատմությունը կրկնվում է, և ինչպես 100 տարի առաջ հանձնվեց Կարսը, այնպես էլ հիմա՝ Շուշին:
ՀՀԿ խոսնակն առաջին անգամ բացահայտում արեց հոկտեմբերի 19-ին 10 կուսակցությունների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից, և հայտնեց, որ ուղիղ հարց է տվել նրան, թե սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 19-ը ինչ առաջարկ է ստացել, և Փաշինյանը հայտնել է, որ միայն «5+2»-ն են առաջարկել:
Շարմազանովը հռետորական հարց հնչեցրեց, թե այդ դեպքում ինչպե՞ս առաջ եկան Շուշին, Հադրութը, Մատաղիսը և մնացած տարածքները:
«Հայաստանի գործադիրի ոչ բարով ղեկավարը, իսկ իրականում թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող անձն այսօր հայտարարում է, թե գիտե՞ք այդ թշնամությանը պետք է վերջ տրվի: Ստացվում է, թե հայերն են մի օր արթնացել ու որոշել թուրքերի և ադրբեջանցիների դեմ պայքարել»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը և հավելեց, որ ինչքան էլ Հայաստանի որևէ իշխանություն խաղաղասեր, թրքասեր լինի, Թուրքիան և Ադրբեջանն ունեն պանթուրքիզմի ծրագիր, որին խոչընդոտում է Հայաստանը:
Նա պատահական չհամարեց, որ երբ ՀՀ ԶՈւ-ն, ողջ բանակը և Օնիկ Գասպարյանը պահանջեցին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականը, նրան օգնության եկավ Չավուշօղլուն և Նիկոլ Փաշինյանի հետ միասին հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջում:
«Պատահակա՞ն չէ, երբ սա դեռ չհայտարարած հունիսի 20-ի ընտրությունների մասին՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովինախագահի տեղակալը միանգամից հայտարարում է, որ պաշտոնական Անկարան ողջունում է արտահերթ ընտրությունները»,- նկատեց Շարմազանովը և հավելեց, որ Հայատանում արդեն երեք տարի է Փաշինյանի ղեկավարությամբ տեղի է ունենում հայկականության դեմ ոչ թե արշավ, այլ պատերազմ:
Անդրադառնալով Փաշինյանի արած հայտարարությանը, թե հայկական կողմի զոհերը նրա համար էին, որ Ալիևին ասեն՝ Արցախի հարցը լուծված չէ՝ Շարմազանովը նշեց. «Ալիևն այսօր ասում է Սյունիքն էլ է իմը, վաղն էլ՝ Երևանը, այսինքն, որպեսզի դա չասի՝ մի քանի տասնյակ հազար զոհ էլ դրա համար է՞ տալու»:
ՀՀԿ խոսնակը զարմանում է, որ Փաշինյանին դեռ հանդուրժում են, աղ ու հացով դիմավորում և նկատեց, որ հասարակությունն այդ կերպ դիմավորում է Էրդողանի և Ալիևի շահերի սպասարկողին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան