ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․ UNESCO-ի մուտքը տարածաշրջան մերժումը վկայում է հայկական ժառանգությունը ոչնչացնելու Ադրբեջանի մտադրությունը
Մարտի 19-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Կրոնը, հավատքը և հակամարտությունները․ կրոնոկան և հավատքի խմբերի պաշտպանությունը հակամարտություններում և կրոնական դերակատարները հակամարտությունների կարգավորման գործում» խորագրով բաց քննարկմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդմամբ, միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցել են Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Վելբին (The Rt. Hon. Justin Welby, Archbishop of Canterbury. Member of the Secretary-General’s High-Level Advisory Board on Mediation) և եզդի համայնքի ներկայացուցիչ Էխլաս Բաջուն (Ekhlas Bajoo):
Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում եզդի ու քրիստոնյա փոքրամասնությունների նկատամամբ ահաբեկչական կառույցների կողմից իրականացված ցեղասպան գործողություններին և հանցագործությունների ժխտմանը` ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես նշել է, որ այսօր առկա են իրավիճակներ, երբ կրոնական համայնքների հանդեպ իրականացվում են բռնություններ և հետապնդումներ, փորձ է կատարվում հակամարտություններին հաղորդել միջկրոնական բնույթ և շահարկել կրոնի գործոնը ատելության հողի վրա ոճրագործություններ իրականացնելու համար։
Մհեր Մարգարյանը հիշատակել է 2018թ․ ՀՀ Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը, որը, ճանաչելով և դատապարտելով ահաբեկչական կառույցների կողմից եզդիների ցեղասպանությունը, կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն իրականացնողներին, երաշխավորել եզդի ժողովրդի պաշտպանությունը, անվտանգությունը և բոլոր միջոցները ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների խախտումները։
Ելույթում անդրադարձ է կատարվել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում օտարերկրյա վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ իրականացված, ատելության հողի վրա ոճրագործություններին, ներառյալ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը վերացնելուն ուղղված գործողություններին։
Ընդգծվել է, որ կատարված հանցագործությունները համահունչ են Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ իրականացվող հայկական պատմական ներկայությունը ժխտելու քաղաքականությանը։ Նշվել է, որ Ադրբեջանը մերժում է ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կառույցի (UNESCO) անկախ փաստահավաք առաքելության կողմից տարածաշրջան մուտքը, ինչը վկայում է իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու այդ երկրի մտադրության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին