Վրաստանում փոխվել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման պայմանները
Վրաստանում վերանայվել են AstraZeneca դեղամիջոցի օգտագործման պայմանները՝ COVID-19-ի դեմ պատվաստումների ժամանակ ծանր բարդության առաջին դեպքից հետո: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
«Առավելագույն անվտանգության ապահովման նպատակով մենք որոշում ենք կայացրել, որ AstraZeneca-ի դեպքում պատվաստման գործընթացը կշարունակվի բազմապրոֆիլ կլինիկաների մակարդակով»,- հայտարարել է Գաբունիան:
Նա պարզաբանել է, որ խոսքը երկրի մասշտաբով 40 հիվանդանոցների մասին է, որտեղ վերակենդանացման բաժանմունքներ կան: Ամբուլատորիաներում պատվաստումներ չեն անի:
«Երեկվա դեպքը մեզ ցույց տվեց, որ անաֆիլակտիկ ռեակցիան տեսականորեն հնարավոր է և կապված է պատվաստման գործընթացի հետ: Դրանից ելնելով ավելի անվտանգ կլինի այդ գործընթացի շարունակությունը բազմապրոֆիլ կլինիկաներում»,- հայտնել է առողջապահության փոխնախարարը:
Գաբունիայի խոսքով՝ հաշվի առնելով փոփոխությունները, վերանայվել են Առողջապահության նախարարության հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով պատվաստման համար գրանցված որոշ բուժաշխատողների գրանցումները:
«Բոլոր գրանցումները, որոնք կատարվել են մեր գործընկերների կողմից ամբուլատորիաներում, այսօր կփոխվեն եւ կբաշխվեն բազմապրոֆիլ կլինիկաներում, 40 կլինիկաներում, որտեղ կան վերակենդանացման բաժանմունքներ», -հավելել է նա:
Վրաստանում մարտի 15-ին սկսվել է COVID-19 պատվաստումը: Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, պատվաստանյութի չափաբաժինը ստացել է 3 642 մարդ, իսկ ևս մոտ 5,5 հազար մարդ գրանցվել է պատվաստման նպատակով:
Մարտի 18-ին երկրում արձանագրվել է պատվաստումների ժամանակ առաջին ծանր բարդությունը: AstraZeneca դեղամիջոցով պատվաստումից հետո Ախալցիխե քաղաքից 27-ամյա բուժքրոջ մոտ, ենթադրաբար, անաֆիլակտիկ շոկ է զարգացել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մահացել է
- Ախալցիխեում «AstraZeneca»-ով պատվաստված բուժքույրը տեղափոխվում է Թբիլիսի
- Ախալցիխեում պատվաստվելուց հետո բուժքույրը կոմայի մեջ է ընկել
- Վրաստանի նախագահը պատվաստվել է խնդրահարույց AstraZeneca պատվաստանյութով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան