Արցախի քսան դպրոցներում սեպտեմբերից կմեկնարկի երկարօրյա կրթության ծրագիրը
Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավագ դպրոցում մտցնել կրեդիտային համակարգ: Օրինագծի մեկ այլ դրույթը վերաբերվում է դպրոցներում հեռահար կրթությանը: Մասնավորապես նախատեսվում է մշակել կարգ, որով կառաջնորդվեն դպրոցները:
Սեպտեմբերի մեկից կրթական համակարգում ևս մեկ նորամուծություն կլինի՝ հանրապետության երեք շրջանների քսան դպրոցներում կմեկնարկի երկարօրյա կրթության ծրագիրը: Նպատակը կրթության որակի բարձրացմանը զուգահեռ տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է: Լուսինե Ղարախանյանի տեղեկացմամբ՝ այս փուլում ճաշարանների ձևավորման աշխատանքներ են ընթանում:
Նախարարը ներկայացրեց նաև «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովի փորձագիտական ծառայության գնահատմամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:
Քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Այնուհետև հանձնաժողովը քննարկեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: 4 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն առաջիկա լիագումար նիստի օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան