«Իմ քայլի» կողմից ԸՕ-ն փոփոխելը կարող է բերել պայմանավորվածության՝ նաև մեր կողմից խախտման. Գորգիսյան
«Ինչպես հասկացա ԱԱԾ-ից ստացված նամակից, ինձ հրավիրել են որպես վկա՝ նոյեմբերի 9-10-ին քաղաքացիների՝ ԱԺ շենք մուտք գործելու հետ կապված գործի ուսումնասիրության շրջանակներում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով իր՝ երեկ ԱԱԾ հրավիրվելուն։
Նա նշեց, որ դեռ չի գնացել ԱԱԾ, մոտ ապագայում կայցելի։
«Չգիտեմ՝ ինչ են ուզում հարցնել, կգնամ կհասկանամ։ Օրը հստակ չի, թե երբ պետք է գնամ, բայց քննիչի հետ կապի մեջ եմ։ Այս քառօրյայից հետո կպայմանավորվենք, կգնամ»,- ասաց նա։
Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանից առաջ ընտրական օրենսգիրքը փոփոխելու իշխանության մտադրություններին՝ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ հիմա ընտրական օրենսգիրքը փոփոխելն անընդունելի է։
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին արվելու են ընտրություններ, դրանից հետո խաղի կանոններ փոխելը նշանակում է պայմանավորվածությունը խախտել։ Մեր ֆռակցիայում կան մարդիկ, որոնք շատ կտրական են սրան տրամադրված, և սա կարող է բերել պայմանավորվածության՝ նաև մեր կողմից խախտման։ Ի՞նչ է նշանակում՝ եթե պիտի վարչապետը հրաժարական տա և ԱԺ-ն չընտրի նոր վարչապետ, այստեղ անպայման պետք է ընդդիմության համաձայնությունը, բայց եթե ուզում են ԸՕ փոխել, ապա ընդդիմությունը՝ ոչինչ»,- ասաց նա։
Գևորգ Գորգիսյանը նկատեց՝ իրենց հետո ԸՕ-ի փոփոխության հարցը չի քննարկվել։ Նա նշեց, որ երկու տարի ժամանակ կար այդ օրենսգիրքը փոխելու համար, 2019-ի գարնանը արդեն հանձնաժողով է ձևավորվել։
«Բայց հիմա ԸՕ-ում փոփոխություններ անելը հղի է շատ խնդիրներով, այն կարող է կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Գևորգ Գորգիսյանի, «Իմ քայլը» փորձում է իր հագով կոստյում կարել՝ «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելով։
«Այնպես որ դրանից շահում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը։ Առաջին հերթին փակելով ցուցակը մենք մենք գալու ենք նրան, որ ժողովուրդն ընտրի վարչապետ, վերջինս էլ նշանակի այն մարդկանց, ում հետ քայլել է, սուրճ է խմել, կամ ով իր հարազատն է։ Մենք ուզում ենք ունենալ քաղաքական գործիչ պատգամավոր, իսկ Նիկոլ Փաշինյանն ուզում է ունենալ կոճակ սեղմող պատգամավոր։ Որ հետո եթե մի բան էլ ասի այդ պատգամավորը, իրենց մամուլի խոսնակն ասի՝ դու ուսապարկ ես, լռիր»,- կարծիք հայտնեց նա։
Գևորգ Գորգիսյանն ասաց նաև, որ իրենք առաջակում են ունենալ բաց համամասնական ցուցակ, որտեղ կուսակցության առաջարկած ցուցակում քաղաքացին կարողանա նշում կատարել և դրանով իսկ իր ուզած քաղաքական գործչին բերել ԱԺ։
«Իսկ փակ համամասնական ցուցակով մենք ունենալու ենք էլիտայի կամ կուսակցապետի կազմած ցուցակներ, ապա մենք ունենալու ենք միայն երևանյան խորհրդարան»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլականները հակված են համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն
- ԼՀԿ-ական պատգամավորը հրավիրվել է ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան