Մեր ներկայացրած նախագծերը մերժում եք, հետո որպես ձեր նախագիծ ներկայացնում. Մարուքյանը՝ իմքայլականներին
«Վստահ եմ, որ իշխանություններ այս նախագիծը կընդունեն, բայց այն ժամանակ, երբ իրենք դա կբերեն, այլ ոչ թե մենք»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր զինծառայողների՝ չստացված արձակուրդները փոխհատուցել։
Հիշեցնենք, որ իշխանական խմբակցությունը մերժել է նախագիծն օրակարգ մտցնելու հարցը։
Նրա խոսքով, պատերազմից առաջ երկու անգամ իրենք առաջարկել են, որ 27 տարին լրացած, հետախուզման մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառվի, երկու անգամ էլ այդ առաջարկը մերժվել է։
«Մեկ էլ տեսնեմ, որ դուք, պարոն Քոչարյան, էն օրը ելույթ եք ունենում ու ասում եք, որ իշխանությունը, համագործակցելու ՊՆ-ի,ՌՈ-ի և գլխավոր դատախազության հետ, որոշել է համաներում կիրառել 27 տարին լրացած ու հետախուզվող արական սեռի ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Բա ապրեք։ Բա շնորհակալ ենք, գոնե ասեք, որ ԼՀԿ-ն երկու անգամ առաջարկել է, մերժել եք։ Սա ի՞նչ պրակտիկա է, էլի, սիրելի գործընկերներ։ Ասենք պատերազմից առաջ անեինք, պարոն Քոչարյան, այդ տղաները մեզ հետ կլինեին այդ ընթացքում։ Հիմա դուրս է գալիս լավ բան ենք առաջարկում, դուք մերժում եք, հետո դա ներկայացնում եք՝ որպես իշխանության լավ նախագիծ»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նկատեց՝ հիմա էլ իրենք առաջարկում են, որ զինծառայողների արձակուրդի հարցը լուծվի, քանի որ բոլոր հանրային ծառայողները ՝ բացի զինծառայողներից, ունեն արձակուրդի հնարավորություն։
«Հիմա մերժում եք, մյուս շաբաթ օրն էլ այս նախագիծը բերելու եք, ասեք՝ սիրելի զինծառայողներ, նայեք, նոր ԳՇ պետի նշանակման լույսի ներքո, մենք որոշել ենք նախագիծ բերել։ Այ ձեր ցավը տանեմ, ամոթ է»,- ասաց նա։
Մարուքյանի խոսքին տեղից արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը, խոստանալով, որ այդ նախագիծը բերելու դեպքում անպայման «Լուսավոր Հայաստանի» անունը կտան։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ վրա բերեց. «Եկեք այս դրական նոտայի վրա ավարտենք»։
Էդմոն Մարուքյանն էլ նեղսրտեց. «Սա անելու բան չի, էլի, պարոն Միրզոյան»։
Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Համաձայն եմ Ձեր հետ, բայց ժամանակը սպառվեց»։
Էդմոն Մարուքյանն էլ նկատեց. «Կարևորը համաձայն եք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին