Հայկ Ալումյան. Դատարանն արեց այն, ինչ դատախազներն իրենից ուզում էին
«Օրենքով սահմանված չէ, որ մեր իրավունքը սահմանափակվի, ու դատարանն առանց մեր միջնորդություններին լուծում տալու անցնի դատաքննության»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով դատարանի դահլիճը լքելու պատճառներին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանը լքեցին դատական նիստը՝ ի նշան բողոքի։
Ալումյանը մանրամասնեց, մեղադրող կողմը արդեն երկրորդ անգամ միջնորդություն է ներկայացնում դատարանին՝ առաջարկելով պաշտպանների միջնորդությունների քննարկում տեղի չունենա, անցնեն դատաքննության։
«Դատարանն ասել էր, որ նման բան օրենքով նախատեսված չէ։ Այսօր դատարանն ինքն իր որոշումը շրջանցեց։ Թեև դատախազների միջնորդությունը թողեց առանց քննության, բայց փաստացի արեց այն, ինչ դատախազներն իրենից ուզում էին»,- նշեց Հայկ Ալումյանը՝ պնդելով, որ դատարանը չի կարող սահմանփակել միջնորդություններ ներկայացնելու իրավունքը։
Փաստաբանն ընդգծեց, որ միջնորդությունը պետք է ներկայացվի ու ստանա լուծում։
«Ստանա դրական, թե բացասական լուծում, հետաձգվի կամ թողնվի առանց քննության, անկախ դրանից միջնորդությունը պետք է ներկայացվի ու ստանա լուծում»,- ընդգծեց Ալումյանը։
Անդրադառնալով դատավորի այն հայտարարությանը, թե մեկ ու կես տարի կար միջնորդությունների ներկայացման համար, Ալումյանը կրկնեց դատարանի ավելի վաղ կայացրած որոշումն ու պատասխանը դատախազներին. «Օրենքը թույլ չի տալիս պաշտպանական կողմին սահմանափակել միջնորդություններ ներկայացնելու հարցում»։
Փաստաբանն ընդգծեց, այն, ինչ դատարանն ասել էր, որ չի թույլատրվում օրենքով, փաստացի արեց, միջնորդությունները չքննեց, հայտարարեց՝ անցնում է դատաքննությանը։
«Թեև մի 7-8 միջնորդություն էլ վաղուց կցված է գործին։ Այդ թվում է նաև Սեդրակ Քոչարյանի միջնորդությունը, որը դատարանը երևի 7-8 ամիս առաջ քննությունը հետաձգել է, ասել էր, ամենավերջինը կքննի»,- ասաց նա։
Ալումյանը նշեց, դեռ չեն որոշել հետագա քայլերը, քանի որ իրենց համար կանխատեսելի չէր, որ դատարանը նման քայլերի կդիմի։
«Ես չգիտեմ, ում միջոցով է ճնշում գործադրվում դատարանի վրա, բայց այն, որ դատարանը գտնվում է ճնշման տակ, դատարանն ամեն դատական նիստում ցույց է տալիս իր կաշկանդվածությունը, փաստ է։ Իրավաբանների համար դրանք շատ տեսանելի ազդակներ են, դատարանը ինքը չի որոշումները կայացնում, դատարանը դրանք ուղղակի հրապարակում է, բայց այդ որոշումները կայացվում են պարտադրանքի տակ, ու այդ հեղինակներին պետք չէ այս շենքում փնտրել։ Թե Աննա Վարդապետյանի, կամ մեկ այլ սուբյեկտի միջոցով են այդ որոշումները կայացվում, մենակ դա չեմ կարող ասել, մնացած ամեն ինչ արդեն ակնհայտ է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը. «Սա կրկես է»
- Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այդ ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ եք իրականացնում ինձ փնտրելու ուղղությամբ
- ՍԴ-ում գործը քննելու պայմաններում Վահե Գրիգորյանի հետ ուղղակի փոխկապակցված անձը ճնշել է ՍԴ-ին. Ռ.Քոչարյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին