«Ժողովուրդ». Քաղաքական ուժերը 3 ամիս առաջ արդեն սկսել են նախընտրական քարոզչությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը Հայաստանում սկսել են նախընտրական քարոզարշավը, համենայնդեպս դա են վկայում խորհրդարանական «Իմ քայլը», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների քայլերը: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու վերաբերյալ միայն ֆեյսբուքյան հայտարարություն է եղել:
Խորհրդարանական խմբակցությունները լծվել են գործի, չնայած արտախորհրդարանական ուժերը դեռևս հրապարակային ոչինչ չեն ձեռնարկում և ինչ-որ քայլերի են սպասում իշխանությունների կողմից: Իսկ Հայաստանում հաստատված կարանտինի, մեկ օրում մի քանի հարյուրից ավել կորոնավիրուսի նոր դեպքերի արձանագրման պարագայում կուսակցությունների մարզային այցելություններն այլ կերպ, քան նախընտրական քարոզչություն, դժվար է անվանել:
Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շաբաթ օրն անցկացրին Արագածոտնի մարզում: Նրանք եղան մի քանի քաղաքներում, հավաքներ անցկացրին, ընդ որում՝ վարչապետը չնայած հաճախ դիմակ էր կրում, սակայն սոցիալական հեռավորություն չէր պահում և անկաշկանդ ձեռքով բարևում էր մարդկանց, շփվում տեղացիների հետ:
Խոսքը վերաբերում է նաև մյուս ՔՊ-ականներին, և անգամ հրապարակված կադրերից է պարզ երևում, որ նրանցից շատերն անգամ դիմակ չեն կրում համավարակային այս պայմաններում՝ չհարգելով իշխանության սահմանած կարանտինը: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի և նրա թիմի մարզային այցերն ամենշաբաթյա բնույթ են կրելու մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, իսկ արդեն երեկ նա կուսակցությունում էր հավաքել իր թիմին։
Նկատենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 19-ը սահմանում է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»: Նույն հոդվածը սահմանում է նաև. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:
Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական ուժերը օգտվում են ԸՕ 19 հոդվածով նախատեսված իրավունքից և 3 ամիս առաջ արդեն սկսել են նախընտրական քարոզչությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան