ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Բրյուսելում կհանդիպի Չավուշօղլուին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 23-24-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքի շրջանակներում, դեմ առ դեմ հանդիպում կունենա Թուրքիայի արտգոծնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին գրում է Ahval News-ը։
Հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Անկարան հակասություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, այդ թվում`Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնումը և ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում քրդական զինված խմբավորմանը, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Բլինքենը կհանդիպի նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ, որի հետ Թուրքիան վեճ ունի արևելյան միջերկրածովյան ածխաջրածնային ռեսուրսների շուրջ։
Հանդիպումը արդյունք է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորած ջանքերի։ Նշվում է, որ Ստոլտենբերգը հորդորել է Բլինքենին հանդիպել ինչպես Չավուշօղլուի, այնպես էլ Դենդիասի հետ` երկու կողմերի բանակցությունները խրախուսելու համար: