«Միջազգային բոլոր հարթակներում ՀՀ արտաքին քաղաքականության խոսույթի մաս պետք է կազմի Արցախի անվտանգության հարցը»
«Պատերազմական և հետպատերազմական իրողությունները օրվա հրամայականն են դարձրել մեր հայրենազրկված ժողովրդի զարթոնքը, ներքաղաքական խորը ճգնաժամի հաղթահարումը»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը։
Նրա խոսքով, այսօր՝ ավելի քան երբևէ, երկրում ստեղծված իրավիճակի ամբողջական հաղթահարումն անկարելի է իրականացնել առանց Արցախի և դրա շուրջ եղած ողջ ուժերի համախմբման։
«Այդ առումով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեր պետականությանն ուղղված ամենամեծ ու ծանր փորձությունն է։ Մեր երկրում առկա իրողությունների և Արցախի շուրջ մտորումները հանգեցնում է հետևյալին՝ երրորդ հանրապետության անկախացումից ի վեր Արցախը և մասնավորապես՝ Արցախյան հերոսամարտը դարձան ոչ միայն հայ ժողովրդի նորագույն պատմության ռազմաքաղաքական և բարոյահոգեբանական հետագիծը, այլ նաև նորանկախ հայոց պետականության կերտման գաղափարական դարբնոցը»,- ասաց նա։
Գոռ Գևորգյանը նկատեց՝ Արցախն ու Սյունիքը հայոց պետականության հենասյուներն են, հետևաբար թե՛ հայոց պետականության ամրապնդումը, և թե՛ ապագան անմիջականորեն փոխկապակցված է ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի հետ։
«Միջազգային բոլոր հարթակներում ՀՀ արտաքին քաղաքականության խոսույթի մաս պետք է կազմի Արցախի անվտանգության հարցը։ Դրանով պայմանավորված նաև Սյունիքի անվտանգության ապահովումը և Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձը։ Անընդմեջ պետք է շարունակել խոսել Ադրբեջանի կողմից Արցախի զգալի մասի բռնազավթման և մինչ օրս ՀՀ-ի դեմ հնչող ռազմատենչ հայտարարությունների, ինչպես նաև Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության մասին»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են
- Ինչպես 140 կմ եկան ու հասան մինչև Սյունիք, 140 կմ էլ այն պատերազմին գան ու կհասնեն Երևան. Սիսիանի քաղաքապետ