«Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել
«Գիտուժ» նախաձեռնությունը բավարարված չէ գործադիրի կողմից գիտության ֆինանսավորման չափը 2.7 մլրդ դրամիով ավելացնելու հայտարարությամբ։
«Գումարի չափը, որի մասին հայտարարեց նախարարը, մեզ չի բավարարել, քանի որ մենք պահանջում ենք, որ այս տարի առնվազն 50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները։ Այս շարժման ողջ իմաստն ավելի շատ գիտություն զրագացնելու երկարաժամկետ հանձնառություն վերցնելն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը տեղեկացրել էր. «Կառավարությունը ծրագրում է հենց հիմա գիտության գումարը ավելացնել մոտ 2.7 մլրդ դրամով։ Հենց հիմա, ոչ թե մյուս տարի»։
Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Մ. Հայրապետյանն էլ ավելացրել էր, որ սա ցույց է տալիս իրենց կամքը, որ դրսևորում են գիտության նկատմամբ։
«Սա շարունակական պրոցես է լինելու»,-ասել էր նա։
Գևորգ Սաֆարյանը հիշեցնում է նախաձեռնության նաև երկրորդ պահանջի մասին՝ ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետեւյալ ժամանակացույցով՝ 2022թ. - բյուջեի առնվազն 2%, 2023թ. - բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած - բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):
Նախաձեռնության անդամը կարծում է, որ օրենքում նման ամրագրումը հարցի համակարգային լուծում է, կապահովի ապագայում գիտության բավարար ֆինանսավորում, որպեսզի Հայաստանում գիտությունը զարգանա, ոչ թե գոյատևի։
«Այն, ինչ հիմա առաջարկվում է, հերթական իրավիճակային լուծումն է։ Մինչդեռ մենք պահանջում ենք ռազմավարական լուծում։ Այո, դրական է, ցանկացած փոփոխություն ուրախացնող է, բայց բավարար չէ։ Հիմա մենք փորձում ենք ավելի երկարաժամկետ մոդելի հասնել, սակայն իշխող ուժը հակված չէ դրան»,-իր գնահատականն այսպես է հիմնավորում Սաֆարյանը։
Թե ինչո՞ւ հակված չեն նման մոդելի, նախաձեռնության անդամը դժվարանում է պատասխանել, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներում հստակ հիմնավորումներ չեն ներկայացվել։
«Բարձրացված խնդիրների շուրջ բանավեճ չկա։ Մեզ ասում են՝ ձեր բարձրաձայնած խնդիրների հետ համակարծիք ենք, միակ հարցը ֆինանսների բաշխման հարցն է։ Մենք էլ պնդում ենք, եթե կա ցանկություն, ապա խնդրի լուծման եղանակներ ու ուղիներ միշտ էլ կգտնվեն»,-նշում է ընկերությունների հիմնադիրը։
«Գիտուժ» նախաձեռնությունը շարունակելու է հետամուտ լինել պահանջների իրականացմանը, կառավարության հետ աշխատելու է կառուցողական մթնոլորտում, աջակցելու է խնդիրների լուծումներ գտնելու հարցում։
«Մենք շարունակելու ենք մեր գործողությունները տարբեր եղանակներով՝ ի նպաստ գիտության նկատմամբ ուշադրության բարձրացմանը, որի հիմնական գործիքը ֆինանսավորման բարձրացումն է։ Բայց դա միակը չէ»,-նշում է նախաձեռնության անդամը։
«Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն» կարգախոսով «Գիտուժ» նախաձեռնությունն ակտիվ գործունեությունը սկսեց այս տարվա սկզբին։ Դեռ մեկ ու կես տարի առաջ HiTech ոլորտի 70 կազմակերպություններ նամակ էին հղել Նիկոլ Փաշինյանին, բայց պատասխան չէին ստացել։ Սա էլ խթան հանդիսացավ, որ նախաձեռնությունը մեծ թափ հավաքի։ Այսօր արդեն նախաձեռնությանը միացել են ավելի քան 700 ընկերություններ։
«Պահանջում ենք Գիտությանը հատկացումների ավելացում» ստորագրահավաքին մոտ 5700 մարդ է միացել։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
- «Գիտուժ»-ը մի քանի պաշտոնյայի հետ հանդիպումից հետո ցավալի արձանագրումներ է արել