Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը. «Սա կրկես է»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը՝ ի նշան դժգոհության։
Մինչ այդ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, ցանկանում է դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, քանի որ ՍԴ-ն այս պահին խորհրդակցական սենյակում է, որոշում է կայացնելու քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։ Նրա խոսքով, տրամաբանական կլիներ այս իրավիճակում սպասել ՍԴ որոշմանը։
«Բայց չէ, դատարանը ափալ-թափալ անցնում է դատաքննությանը։ Հետևաբար ես ձեզ բացարկ եմ հայտնում, քանի որ ակնհայտ է՝ Դուք ուղղորդված եք գործում»,-ասաց նա։
Դատավոր Դանիբեկյանն այլևս չլսեց Մեժլումյանի ու մյուս փաստաբանների խոսքը, ցանկանում էր հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Հենց այդ խոսքի վրա պաշտպանները ոտքի կանգնեցին, որպեսզի լքեն դատարանի դահլիճը։
«Սա դատավորություն չի, սա նման է կրկեսի»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ու գործընկերների՝ Հովհաննես Խուդոյանի, Արամ Վարդևանյանի հետ լքեցին դահլիճը։
Դատարանն արձանագրեց, որ փաստաբանները դատական նիստը լքեցին առանց դատարանի թույլտվության, առանց նրանց ներկայությամբ դատական նիստը շարունակվել չի կարող, հետևաբար դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 30-ին։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին դատարանը հարկ է համարում անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցին։
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ընդհատեց դատավորին, ասաց՝ նրա ձայնը լսելի չէ, խնդրեց բարձր խոսել։ Դատարանին նստած դիմելու համար Միհրան Պողոսյանը նախազգուշացում ստացավ։ Այսօրվա նիստն ավարտվեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան