«Պատերազմի օրերին ֆինանսների նախարարն իրեն պարգևատրել է մոտ 73 մլն դրամով»
«Ես հասկանում եմ, որ գտնվում եք նախընտրական փուլում, և պետք է հայտարարություններ անեք, որ մանիպուլացնեք մարդկանց»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությանը, թե պարգևավճար ստանում են խորհրդարանական երեք խմբակցություններն էլ, սակայն միայն իշխանության ստացածի մասին է բարձրաձայնվում։
Պատգամավորը հիշեցրեց, որ մեկ տարի շարունակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները իրենց պարգևավճարները փոխանցել են կորոնավիրուսի և պատերազմի ֆոնդերին։
«Ասեմ ավելին, որ մենք ունենք ներկայացրած փաստաթուղթ պարոն Միրզոյանի անունով, կարող եք նրանից հարցում անել։ Ասեմ ավելին, հոկտեմբեր ամսին մեր ամբողջ ֆռակցիան իր աշխատավարձերը փոխանցեց պատերազմի ֆոնդին։ Իմ ասածն այն է, որ եթե քննարկումը կոնստրուկտիվ է, ապա պետք է ամբողջական պատկերը ներկայացնել»,- եզրափակեց խոսքը ԲՀԿ-ական պատգամավորը։
Նույն հարցին անդրադարձավ նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Իմ կարծիքով, Սիսակ Գաբրիելյանը միտումնավոր հնչեցրեց թվեր, և ես էլ կուզեմ պաշտոնական հարցումներով ստացված չոր թվեր հնչեցնել։ 2020 թվականին ՊԵԿ-ը 6.8 մլրդ պարգևավճար է ստացել։ Նույն թվականի հոկտեմբերին պարգևատրվել են 496 մլն դրամով, նոյոմբերի՝ 476 մլն դրամով, իսկ դեկտեմբերի՝ մոտ 1.3 մլրդ դրամով։ Սա իշխանության կողմից իր աշխատակիցներին հատկացված պարգևատրումային ֆոնդն է։
Վաչապետի աշխատակազմը 2020-ի ընթացքում 441 մլն դրամ պարգևավճար է հատկացրել իր աշխատողներին, իսկ ֆինանսների նախարարը պատերազմի ամենաթեժ օրերին ևս զերծ չի մնացել ինքն իրեն պատգևատրելուց և ստացել է մոտ 73 մլն դրամ։ Էլ չեմ խոսում, թե որքան ԱԹՍ-ներ կարելի էր գնել այս գումարներով»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ իրենք նախորդ տարվա մարտից հրաժարվել են պարգևավճարներից։
Հարակից հրապարակումներ`
- Հիմնադրամի 107 մլն դոլարից վճարվել են աշխատավարձեր, պարգևավճարներ և կանխիկացումներ են արվել. Արա Վարդանյան
- AntiFake.am. ՊԵԿ-ում 2020 թվականին 6.8 միլիարդ դրամի պարգևավճար են ստացել