ԱԺ-ն չցանկացավ չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տալու հարցը քննարկել հերթական նիստում
«Ես կոչ եմ անում, որ դուք կողմ քվեարկեք և այս օրենսդրական նախաձեռնությունը քննարկվի ԱԺ-ում, ես էլ կապացուցեմ, որ այս դրութը պետք է անմիջապես փոխել և չսպասել, որ կառավարությունը մեկ ամիս հետո նախագիծ դնի շրջանառության մեջ, մի տարի շրջանառվի և դրանից հետո անենք այն, ինչը պետք է այսօր անենք»,- ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագիծը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել էր բացասական եզրակացություն և այդ պատճառով էլ քննարկվում էր ԱԺի այսօրվա օրակարգի երրորդ բաժնում:
Պատգամավորը հայտնեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տալ փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:
Տարոն Սիմանյանը նկատեց, որ 2018 թվականի ՍԴ որոշմամբ օրենքի գործող դրույթը համարվել է հակասահմանադրական, քանի որ նրանով նախատեսվում է փոխհատուցում տալ միայն ծառայության վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված տարիների համար զինծառայողին փոխհատուցում չի նախատեսում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը տեղեկացրեց, որ ՍԴ-ն կառավարությանն առաջարկել էր 3 ամսվա ընթացքում օրենքի այդ դրույթը փոխել, սակայն արդեն 3 տարի է այն դեռ չի շտկվել:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ իմքայլական Արմեն Խաչատրյանն իր հարակից ելույթում հայտնեց, որ նախագծում հաշվարկված չէ, թե ինչ ծավալով գումար է փախհատուցվելու:
«Եթե մենք այս տեսքով ընդունենք նախագիծը, ապա չենք կարող ասել, թե այն զուտ ֆինանսական առումով փոխհատուցելի է, թե ոչ, քանի որ այդ հաշվարկները չկան»,- հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովում Տարոն Սիմոնյանին առաջարկել են մեկ ամսով հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ Պաշտպանության նախարարությունը մշակել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապարփակ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որում անդրադարձ կա նաև արձակուրդայինների ստացման խնդրին:
ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագիծն օրակարգ ընդգրկելու առաջարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան