Դուք եք պատասխանատուն, որ այսօր դասախոսական կազմը աղքատության ճիրաններում խարխափում է.պատգամավորը՝ Դումանյանին
«Այս նախագիծն ունենալով բարեմասնություններ, այնուամենայնիվ, կոչված է բուհերի ռեկտորներին սանձահարելուն և բուհերի ինքնավարությունը կառավարության գելիոտինի տակ դնելուն»,- այսօր խորհրդարանում, դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով, նախագծում առկա դրույթները հեքիաթ են հիշեցնում։
«Պարո՛ն նախարար, ես կուզեմ, որ դուք ավելի կարևոր ուղղություններով Ձեր ուշադրությունը բևեռեք ու հարցեր լուծեք։ Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ բուհերում դասախոսների ծանրաբեռնվածությունն ավելացել է, իսկ աշխատավարձը ցածրացել է։ Կամ ինչո՞ւ որպես նախարար չեք խոսում այն մասին, որ կրթության ոլորտի սպասակման գործառույթները նվազել են, «Zoom»-ով լեկցիա են կարդում, ոչ ոք չի մտնում լսարան, ուսանողը չի ստանում գիտելիք, բայց վարձավճարները բարձրացրել եք»,- նշեց նա։
Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց նաև, թե ԿԳՄՍ նախարարն արդյո՞ք մտածում է դասախոսական կազմի կյանքի որակի մասին։
«Ի՞նչ ռեկտորի նշանակում, ի՞նչ բան։ Սա մի փոքր խնդիր է, դուք շատ ավելի կարևոր գործառույթներ չունեք։ Ինչո՞ւ պատշաճ չարձագանքեցիք այն հանգամանքին,որ դպրոցականները ներգրավվում են քաղաքական պրոցեսների մեջ։ Ես հորդորում եմ, որ Ձեր ուշադրությունն ավելի կարևոր ուղղությունների վրա բևեռեք, և լուծեք կյանքի ավելի կարևոր հարցեր, քան այսօրվա քննարկվող հարցն է»,- նշեց պատգամավորը։
Նա կարծիք հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունն այսօր ավելի կարևոր անելիքներ ու խնդիրներ ունի, և նախարարի պատասխանատվության դաշտում շատ ավելի լուրջ հարցեր կան։
«Դուք եք պատասխանատուն, որ այսօր դասախոսական կազմը աղքատության ճիրաններում խարխափում է։ Դուք եք պատասխանատուն, հերիք է այստեղ նախագծեր բերեք, որոնցով ռեկտորներին կսանձահարեք ու գալիք ընտրություններում կամակատար կդարձնեք։ Եթե պիտի գաք ու հեքիաթներ պատմեք, ուրիշ տեղ գնացեք։ ԱԺ ամբիոնը հեքիաթ պատմելու տեղ չի»,- եզրափակեց խոսքը Գևորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե միայն ռեկտորի հարցն է կարևոր, ապա բանավեճը դառնալու է աննպատակ. Սոֆյա Հովսեփյան
- Դուք ուզում եք ներդնել գրպանային ռեկտորների ինստիտուտ. Զոհրաբյան
- Դուք «վշտից» նախարար դարձաք և հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ. Թագուհի Թովմասյանը՝ Դումանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին